Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը՝ Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցի ընդունմանը

16:15, շաբաթ, 22 մայիսի, 2021 թ.
Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը՝ Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցի ընդունմանը

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանը մեկնաբանել է Եվրոպական խորհրդարանի կողմից Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունումը. «Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը, ի մասնավորի՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և զերծ մնալու հայատյաց քարոզչությունից։ Հորդորում ենք Թուրքիային հարգել այդ և մյուս կոչերը, ներառյալ՝ զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:
     Հարկ ենք համարում շեշտել, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևում խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի։
     Ուշագրավ է, որ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է անում ուսումնասիրելու Գորշ գայլեր ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում: ԵՄ-ին ու անդամ երկրներին նաև կոչ է արվում ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար»,- ասված է մեկնաբանության մեջ։

6097 | 0
Facebook