Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա». Թագուհի Թովմասյան

16:04, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա». Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, տարածվող տեղեկությունները, որ Վարդենիսի տարածաշրջանի Շորժա բնակավայրի հատվածում ադրբեջանական զինուժն առաջխաղացում ունի, ինձ էլ չափազանց անհանգստացրեց: Ճշգրտումներ էի անում:

Քիչ առաջ զրուցել եմ նաև մեր բանակային կորպուսի հրամանատարի հետ: Ուզում եմ փոխանցել նրա խոսքերն առ այն, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի պետական սահմանի նկատմամբ որևէ ոտնձգությոն չի իրականացրել Գեղարքունիքի մարզի հատվածում, չի ցուցաբերել մեր մարզի երկայնքով որևէ ագրեսիա:

Իսկ ինչ է տեղի ունեցել: Նոյեմբերի 9-10-ի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո, երբ հանձնվեց Քարվաճառը, ադրբեջանական զինուժը դիրքավորվել է այդ հատվածներում այնպիսի դիրքերում, որտեղ հնարավոր է եղել՝ պայմանավորված առատ ձյան պատճառով: Հիմա ձյունը հալվել է, նրանք իրենց տիրապետության տակ անցած հատվածներում առաջ են գալիս, դիրքավորվում են ավելի մեզ մոտ հատվածներում: Հատուկ շեշտեց գեներալը, որ ՀՀ պետական սահմանից անգամ մեկ միլիմետր առաջ չեն եկել ու չեն էլ կարող գալ: Մի խոսքով, Գեղարքունիքի մարզի մասով առայժմ անհանգստանալու բան չկա: Ես հավատում եմ հրամանատարի խոսքերին, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային այդ կորպուսը մարտնչել է հերոսաբար, 1 մետրի նահանջ չի ունեցել, ընդհակառակը՝ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել պատերազմի օրերին: Մենք Քարվաճառը և հարակից տարածքնեը հանձնել ենք առանց մեկ փամփուշտ կրակոցի՝ սրտի խորը կսկիծով:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սահմաններում առկա իրավիճակին, կահավորանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին օրերս ուղղված իմ հարցում հնչեցված բոլոր մտահոգությունները շարունակում են մնալ արդիական: Թեև պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա դեռ չի իրականացվել, բայց այսօր առկա առաջնագծում չեն իրականացվում անհրաժեշտ աշխատանքներ մեծապես և այն անտեսանելի գործերը, որ զեկուցվել են Նիկոլ Փաշինյանին, լավ կլինի տեսանելի դառնան նաև իմ ու մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար: Եվ գաղտնիության քողի տակ ցույց տալ, թե աշխատանք է իրականացվում, ամենևին պատվաբեր չէ: Գաղտնի պահելու շատ այլ բաներ կան, որոնք, ի դեպ, չեմ պահվում»:

6175 | 0
Facebook