Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

10:48, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
ԵՄ-ը կոչ է արել Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել հայ գերիների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը

ԵՄ-ը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Եվրոպական միությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագրի, և այն դրական արդյունքները, որոնք առնչվում են մարդկային աճյունների վերադարձին և հակամարտության արդյունքում լրջորեն տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն:

Սակայն Եվրոմիությունը կրկին հայտարարում է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր 2 երկրների միջև վստահության ամրապնդման և կայուն խաղաղության հարցում առաջընթացի հասնելու համար: Սա ներառում է թշնամական և վիրավորական հռետորաբանությունից զերծ մնալը, բոլոր ռազմագերիների և ձերբակալված անձանց վերադարձի գործընթացի շուտափույթ ավարտը՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, ինչպես նաև համագործակցությունն այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»:

ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ՝ հայտարարելով՝ «Դատարանի նախադեպային իրավունքով հստակ սահմանվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող բացակայող տեղեկատվությունը»։

4760 | 0
Facebook