Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն նոր դպրոց է կառուցվում

20:56, երկուշաբթի, 26 ապրիլի, 2021 թ.
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն նոր դպրոց է կառուցվում

Ստեփանավանում մեկնարկել են Մովսես Խորենացու անվան թիվ 3 դպրոցի կառուցման աշխատանքները։ Տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։

Նշվում է, որ դպրոցի հին շենքը գտնվում է Աշոտաբերդ թաղամասում. թե՛ թաղամասի շենքերը, թե՛ դպրոցն ու մանկապարտեզը կառուցվել են 1988թ-ի աղետից անմիջապես հետո և ժամանակավոր՝ 20 տարի ժամկետով հանձնվել շահագործման։ Ներկայում դպրոցի շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում և նույնիսկ վերակառուցման ենթակա չէ, տանիքն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ հիմքերը խարխլված են։ Դպրոցի բնականոն աշխատանքները չդադարեցնելու նպատակով այժմ գործում է շենքի միայն մեկ հատվածը։ Ուստի որոշում է կայացվել կառուցել բոլորովին նոր՝ մոդուլային դպրոց նույն թաղամասում՝ հին շենքի հարևանությամբ։

Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Ինչպես դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվող մյուս բոլոր դպրոցները, այս դպրոցը ևս կունենա հարմարավետ դասասենյակներ` հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև սպրոտդահլիճ, հանդիսությունների սրահ։
     Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով։

Ստեփանավանի դպրոցի կառուցման համար կներդրվի 1 միլիարդ 315 միլիոն դրամ։

| | |
798 | 0
Facebook