Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԼՂ դեպքում առաջնահերթ է «անջատում հանուն փրկության» սկզբունքը». վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

20:00, հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ.
«ԼՂ դեպքում առաջնահերթ է «անջատում հանուն փրկության» սկզբունքը». վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում և, ի մասնավորի, տեղեկացրել, որ կառավարությունը որոշել է մեկնարկել «Հյուսիս-հարավի» հարավային՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և հումանիտար խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է մնում հայ ռազմագերիների վերադարձը, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետով, սակայն Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել այդ կետի մեկնաբանությունը և ձգձգել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձը:

Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից պաշտոնապես խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, որի բացահայտ դրսևորումը օրերս Բաքվում բացված Արցախյան պատերազմի թեմայով «պուրակն» է և այնտեղ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները փառաբանող «ցուցադրությունները», երեխաների ներգրավումն այդ քաղաքականությանը: Նիկոլ Փաշինյանը խորը վրդովմունք է հայտնել այս կապակցությամբ՝ այն համարելով լուրջ մարտահրավեր տարածաշրջանային խաղաղությանը և ընդգծել, որ անպատկերացնելի է 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող երկրի կողմից նման վարքագիծը, որը չի կարող հարիր լինել քաղաքակիրթ աշխարհին: Վարչապետն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության համարժեք արձագանքը Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությանը և շեշտել, որ սա ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը և մտահոգիչ համարել այն խաթարող մարտահրավերների դրսևորումը, ինչը հնարավոր չի դարձնում համապատասխան մթնոլորտի ձևավորումը: Տոյվո Կլաարը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և այնտեղ ունեցած հանդիպումների տպավորությունները: Ընդգծվել է սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է նաև Ադրբեջանի կողմից Արցախ մուտք գործելու հարցի շահարկման վրա, որի նպատակը միջազգային կառույցների հումանիտար գործունեությունը ԼՂ-ում խոչընդոտելն է: Արձագանքելով հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է մարդասիրական ծրագրեր իրականացնել Արցախում և աջակցություն ցուցաբերել:

18009 | 0
Facebook