Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

12:51, չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ.
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ֆրանկ Փալոնեն, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:

Բանաձևում ասվում է, որ «Ժնևյան կոնվենցիաների և 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության համաձայն, բոլոր կողմերը պարտավոր են ազատ արձակել գերիներին։ Հայաստանը կատարել է այդ պարտավորությունը, մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խեղաթյուրել այդ ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերության մեջ պահելը»։
     «Ներկայացուցիչների պալատը՝
     - կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին․
     - կոչ է անում պետքարտուղարին բոլոր մակարդակներում, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, աշխատել Ադրբեջանի հետ՝ հասկացնելու, թե որքան կարևոր է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց»:
     «Անթույլատրելի է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք կալանքի տակ մնան Ադրբեջանում»,- հայտարարել է Շիֆը՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ազատ արձակել այդ գերիներին․ «Որքան երկար ձգձգվի, այնքան ավելի շատ ցույց կտա իր արհամարհանքը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։ Ադրբեջանն արդեն մեղավոր է վերջին պատերազմի ժամանակ կատարած ծանր հանցագործությունների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը։ Միացյալ Նահանգները պետք է օգտագործի դիվանագիտական բոլոր միջոցները՝ ապահովելու ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և Ադրբեջանի վրա պատասխանատվություն դնի մարդու իրավունքների շարունակական խախտումների համար»,- նշել է կոնգրեսականը։

6894 | 0
Facebook