Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարը». Ա.  Բաբաջանյան

18:45, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարը». Ա.  Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբջանյանը գրել է. «Գերիների, անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի տեղապտույտը, Ռուսաստանի դեռևս անհամոզիչ արձագանքը Հայաստանի իշխանությունների բազմաթիվ խնդրանքներին, և հարցը հրատապ կերպով հիմնավորապես լուծելու Հայաստանի իշխանության անկարողությունը հիմք է տալիս մտածելու, որ մեր երկրի ներքաղաքական փխրուն իրավիճակը հաշվի առնելով, արտաքին ուժային որոշ կենտրոններ Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ, որոշել են վերջնականապես ջախջախել Հայաստանի ինքնիշխանության վերջին խոցված բեկորները։
     ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, կառավարությունն ամբողջությամբ առաջնահերթ խնդիր պետք է հռչակեն Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ անհետ կորածների, գերիների և դիերի փոխանակման հարցի ժամկետների հստակեցումը։
     Վերջին օրերին հայ հանրությանը հուզող ամենակարևոր հարցը սա է։ Ինչո՞վ է զբաղված անձնապես ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, Հայաստանի դիվանագիտական ողջ կորպուսը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և անդամներս։ Միջազգային որևէ ամբիոնից չենք լսել այս խնդրի վերաբերյալ որևէ ելույթ, որևէ հիշարժան հարցազրույց, որևէ տեսանելի և անտեսանելի աշխատանք։
     Խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ պատկան մարմիններին՝ եկեք միասնաբար լծվենք այս աշխատանքին, մեր ջանքին միացնենք սփյուռքի հայկական հաստատությունների և կառույցների ներուժը։
     Շաբաթներ առաջ՝ պատերազմի ընթացքում, մենք կարողանում էինք աշխարհի ցանկացած մայրաքաղաքի գլխավոր փողոց և մայրուղի փակել։
     Մեզ անհրաժեշտ է այս խնդիրը օրերի, ժամերի ընթացքում հիմնավորապես լուծել։ Սա այս պահին մեր ժողովրդի, մեր հայրենիքի արժանապատվության հարցն է»։

| | |
3102 | 0
Facebook