Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Կփոխհատուցվի մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսը

15:45, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.
Կփոխհատուցվի մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծախսը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական դպրոցների մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգի փոփոխության նախագիծը: Սովորողների և մանկավարժների համար 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններով առաջարկվում են մի շարք բարելավումներ.

  • Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում: Նախկինում հատուցումը տրվում էր միայն այն դեպքերում, եթե բնակավայրերի միջև հեռավորությունն առնվազն 3 կմ էր:
  • Մանկավարժները (այդ թվում նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչները` զինղեկները) փոխհատուցման կարգից կարող են օգտվել 0,5 և ավելի հաստիքով աշխատելու դեպքում: 0,5-ից ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերի դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։
  • 2022 թվականից կարգով նախատեսված փոխհատուցումները կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները:
  • Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար ավելացվել է՝ նախկին 15000-ի փոխարեն դառնալով 20200 ՀՀ դրամ:
  • Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղի լինելու դեպքում, փոխհատուցման գումարը տրվում է համապատասխան երթուղիների համար սահմանված սակագների չափով: Միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յորաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ՝ բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը:
  • Եթե բացակայում է միկրոավտոբուսային կամ ավտոբուսային երթուղին, և տվյալ բնակավայրից տրանսպորտային փոխհատուցման ծառայություններից օգտվող երեխաների և ուսուցիչների թիվը փոքր է չորսից (այսինքն` ենթադրաբար, անգամ համատեղ տաքսուց օգտվելու տարբերակը արդյունավետ չի լինի), ապա այս դեպքում տրամադրվող փոխհատուցման չափը կկազմի նվազագույնը 1000 ՀՀ դրամ` ներկա ստացած յուրաքանչյուր օրվա համար։ Այս գումարը հավասար բաժանվում է բոլոր օգտվողներին:
         Նախագիծը հրապարակված է e-draft միասնական տեղեկատվական հարթակում. մինչև հոկտեմբերի 9-ը քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:
| | |
2112 | 0
Facebook