Ուրբաթ Բեյրութից 90 կմ հյուսիս գտնվող Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Լիբանանի բանակի պարեկների և ցուցարարների միջև: Համաձայն Lubnan 24 լրատվական պորտալի տեղեկությունների՝ զինծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարաների դեմ, որոնք իրենց հերթին քարեր են նետել նրանց ուղղությամբ։
Հարյուրավոր մարդիկ պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո (երեկոյան 7-ից մինչև առավոտյան 5-ը) դուրս են եկել Լիբանանի Նուր հրապարակ: Ըստ պարբերականի՝ ցուցարարներից քչերն են կրել պաշտպանիչ դիմակներ:
Ցուցարարները կառավարությունից պահանջում են դադարեցնել գների բարձրացումը և ազգային արժույթի արժեզրկումը` լիբանանյան ֆունտն արժեզրկվել է ավելի քան 80%-ով: «Կյանքի պայմանները վատթարանում են իշխանությունների կողմից պարտադրվող պարտադիր կարանտինի ֆոնին` կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պատճառով, ավելի ու ավելի շատ մարդիկ են կորցնում իրենց աշխատանքը և սնանկանում»,- ասել է ցուցարարներից մեկը: Ցուցարարները վարչապետ Հասան Դիաբից պահանջում են «անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ քաղաքացիների սոցիալական իրավունքները պաշտպանելու համար»:
Ապրիլի սկզբին Լիբանանի կառավարությունը որոշեց միանվագ 200 դոլար հատկացնել կարիքավոր ընտանիքներին՝ հաշվի առնելով հասարակության դժգոհությունը մեկուսացման ռեժիմի սոցիալ-տնտեսական հետևանքներից:
Մարտի 7-ին Դիաբի կաբինետը հայտարարեց ֆինանսական դեֆոլտի մասին և դիմեց Արժույթի միջազգային հիմնադրամին՝ պետական պարտքի վերակազմավորման հարցում օգնություն ցուցաբերելու համար, որը հասել է 92 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի 170%-ը):
Ապրիլի 16-ին Լիբանանի վարչապետը հեռուստատեսային ուղերձում խոստացավ մշակել արդյունավետ բարեփոխումների ծրագիր՝ երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար: