Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է հստակ որոշումներ կայացնել Արցախում կորոնավիրուսի տարածվելը կանխելու հարցում». Արսեն Խառատյան

05:20, երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.
«Պետք է հստակ որոշումներ կայացնել Արցախում կորոնավիրուսի տարածվելը կանխելու հարցում». Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում քաղաքական ճգնաժամ է

Արցախի ընտրություններին հետևող գործընթացներից մի շարք մտահոգիչ ազդակների ենք ականատես լինում: Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքների, ինչպես նաև դրանց երկրորդ փուլի շուրջ կոնսենսուս չկա:

Արցախում արդեն շուրջ երկու տարի հեղափոխություն պահանջող ուժերն Ստեփանակերտում հետընտրական առաջին բողոքի ցույցն են իրականացրել, սլաքներն ուղղել Երևանի վրա, նշելով, որ վարչապետ Փաշինյանի խոստացած ազատ և արդար ընտրությունները չեն իրականացվել: Նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանն էլ իր հերթին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլին. «Այս ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից»,- ասում է Մայիլյանը:

ՀՀ կառավարության պատվերով դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոր ընտրախախտումներ են հատնաբերել ու պատրաստվում են դատախազություն դիմել:

Մի բան ակնհայտ է. արցախաբնակ մեր հայրենակիցներն իրական փոփոխություններ են ուզում, այնպես, ինչպես մենք էինք ուզում Հայաստանում: Հեղափոխությունն ու դրա առանցքային արժեքները չեն կարող շրջանցել, ըստ էության, Հայաստանի մաս կազմող Արցախը, սա ընդամենը ժամանակի հարց է:

Այս ամենն ասելով հանդերձ՝ քաղաքական ու անձնական նախասիրությունները պետք է մի կողմ դնել և օր առաջ հստակ որոշումներ կայացնել Արցախում կորոնավիրուսի տարածվելը կանխելու հարցում: Սա պետք է դառնա քաղաքական ու հանրային խմբերի օրակարգային թիվ մեկ հարցը, որից հետո միայն կարելի կլինի քննարկել ու ելքեր գտնել ստեղծված իրավիճակից»:

4452 | 0
Facebook