Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զանգերը ֆիքսելը, դրանց սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար». նախարար

13:00, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
«Զանգերը ֆիքսելը, դրանց սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար». նախարար

«Մշակված անձնավորված տվյալները ոչնչացնելու պահանջն արգելք չէ ապանձնավորված վիճակագրական տվյալներ պահպանելու և օգտագործելու համար: Այստեղից հետևում է, որ արտակարգ իրավիճակի ավարտից հետո ապանաձնավորված տվյալները ցանկացած պահի կարող են անձնավորվել, պահվել անորոշ ժամկետով: Ու նաև ասվում է՝ հետագայում օգտագործելու համար: Ինչի՞ համար կարելի է օգտագործել, չի ասվում: Չե՞ք կարծում, որ դա բաց է, նաև օրենսդրական բաց չէ՞ քրեական պատիժները չխստացնելը». մարտի 30-ի նիստում նման հարցադրում արեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու» նախագծի քննարկման ժամանակ: Օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ապանաձնավորված տեղեկատվությունը որևէ անձնավորված տվյալ չի պարունակում:
     «Տեխնիկական մակարդակում կդժվարանամ պատասխանել՝ հնարավոր է անձնավորված տվյալները ոչնչացնել և հետո ապանաձնավորումից գնալ դեպի անձնավորում, դա ՏՏ մասնագետները կասեն: Ամեն դեպքում անձնական տվյալները ենթակա են ոչնչացման: Չի լինելու հնարավորություն ոչ անձնավորված տվյալներից գնալ դեպի անձնավորված տվյալներ: Եթե նման մտավախություն կա՝ եկեք քննարկենք»:
     Ինչ վերաբերում է քրեական պատիժները խստացնելուն, ապա ըստ նախարարի՝ այդ հարցի քննարկումը առաջիկայում հնարավոր է:
     Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել դրույթ, որի համաձայն՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են կիրառվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի սահմանափակումներ: Մասնավորապես, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորները պետական մարմիններին և պետության կողմից հիմնադրված իրավաբանական անձանց կարող են տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում):
     Ինչպես նշեց Ռ.Բադասյանը, միջամտությունը վերաբերում է բացառապես համաճարակի դեպքին, այլ արտակարգ դեպքերին չի վերաբերում: Անձնական կյանքի միջամտությունը սահմանափակ է, կատարվում է բացառապես արտակագ դրության շրջանակում և ավարտվում է արտակարգ դրության ավարտով: Հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը հասանելի չի լինելու, չի թույլատրվում հեռախոսազանգերի բովանդակությանը ծանոթանալ:
     «Սյս օրենքով չսահմանված նպատակներով տեղեկատվության օգտագործման դեպքում առկա է նաև քրեական պատասխանատվություն Քրեական օրենսգրքի 144, 145, 146 հոդվածներով, որոնք են անձնական և ընտանեկան կյանքի մասին ապօրինի տեղեկություն հրապարակելը, բժշկական և նամակագրության գաղտնիք հրապարակելը»,- նշեց նախարարը:
     Ըստ նախարարի՝ հեռախոսազանգերը, դրանց սկիզբն ու ավարտը տեղորոշելը կարևոր է պոտենցիալ վարակակիրների քանակը հասկանալու համար:

4873 | 0
Facebook