Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Նման գնահատականներն ուղղակի զավեշտի են հասնում». Արման Բաբաջանյան

18:35, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Նման գնահատականներն ուղղակի զավեշտի են հասնում». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը, որից, ինչպես և կանխատեսել էի օրենքի ընդունման ժամանակ, ՍԴ դատավորներից որևէ մեկը չօգտվեց։ Ինչ պատճառներով, ինչ մոտիվացիայով՝ դժվար է միարժեք ասել։ Համենայնդեպս, ՍԴ անդամներից որևէ մեկը չի պարզաբանել այդ օրենքից չօգտվելու իր դրդապատճառները։

Միևնույն ժամանակ այս առիթով սոցիալական ցանցերում նկատվում է ՍԴ անդամների աստվածացման ալիք։ Հանդիպում են գրառումներ այն մասին, որ կենսաթոշակից չօգտվելը վկայում է ՍԴ անդամների սկզբունքայնության մասին, և որ նրանց անունները «ոսկե տառերով կգրվեն հայկական իրավագիտության պատմության մեջ»։ Նման գնահատականներն ուղղակի զավեշտի են հասնում։ Այո՛, ՍԴ գործող դատավորների անունները գրվելու են հայկական իրավունքի պատմության մեջ, սակայն շատ վիճելի է՝ տառերի գույնը լինելու է ոսկեգո՞ւյն, թե՞ սև։ Որովհետև Սահմանադրական դատարանն իր այսօրվա կազմով այն Սահմանադրական դատարանի իրավահաջորդն է, որը տասնամյակներ շարունակ խայտառակ որոշումներ է կայացրել հատկապես ընտրական վեճերի առնչությամբ, որը լեգիտիմացրել է պահի իշխանության ապօրինություններն ու պետության զավթման անհերքելի իրողությունը, ինչին հետևել են բռնաճնշումներ, ընդդիմադիրների ձերբակալություններ, հետապնդումներ և ի վերջո 2008 թվականի «Մարտի 1»՝ տասը անմեղ քաղաքացու գնդակահության տեսքով։

Այդ ամենը տեղի է ունեցել ՍԴ անդամների գործուն մասնակցությամբ ու հանցակցությամբ կայացված վճիռների արդյունքում և այդ նույն ՍԴ անդամների լռության ներքո։

Ժողովրդավարության պաշտպանության առաջնային մանդատ ու առաքելություն ունեցող Սահմանադրական դատարանի անդամներից որևէ մեկը որևէ կերպ չի ընդվզել, երբ բռնաբարվել է ժողովրդավարությունը, երբ կեղծվել է քաղաքացիների քվեն, երբ զավթվել է պետությունն ու իշխանությունը։ Իրենց այս վարքագծով ՍԴ անդամները կրում են համապարտ պատասխանատվություն Հայաստանում ընտրական իրավունքի ոտնահարման ու ժողովրդավարության խեղման համար։

Բոլոր նրանք, ովքեր շտապում են ոսկե տառերով ՍԴ անդամների անունները գրել իրավունքի պատմության մեջ, թող հիշեն այս մասին։ Իսկ այն, որ ՍԴ անդամները հրաժարվել են իրենց առաջարկվող վաղ կենսաթոշակից, ոչ հերոսություն է, ոչ էլ քաղաքացիական կեցվածք։ Առավել ևս, որ գոնե գոյության իրավունք ունեն այն տեսակետները, որ հնարավոր է՝ ՍԴ անդամները հրաժարվել են վաղ կենսաթոշակից նախկին իշխանության ճնշումների, բացառված չէ՝ նաև նյութական շահագրգռության դիմաց։

ՍԴ գործող կազմի խնդիրը լուծվելու է ապրիլի 5-ի հանրաքվեով, որին վստահաբար հասարակությունը միասնաբար ԱՅՈ է ասելու։ Իսկ ՍԴ դատավորների՝ իրավունքի ու ընդհանրապես երկրի պատմության մեջ ունեցած դերակատարությանը անդրադառնալու է նույն պատմությունը, որը նման դեպքերի համար նախատեսում է եթե ոչ իրավական, ապա գոնե բարոյական պատասխանատվություն։ Իսկ եթե գործող իշխանությունն իր մեջ քաղաքական կամք գտնի և անսա անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու իմ և բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների կոչերին, ապա, վստահաբար, մենք դեռ խոսելու ենք նաև ՍԴ անդամների իրավական պատասխանատվության մասին»:

| | |
2668 | 0
Facebook