Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Օրինագիծը ոստիկանությանը գաղտնալսման իրավունք չի վերապահում». Հովհաննես Քոչարյան

10:25, հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.
«Օրինագիծը ոստիկանությանը գաղտնալսման իրավունք չի վերապահում». Հովհաննես Քոչարյան

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու հարցը, այսինքն` պատգամավորական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը: Դատելով առանձին հուզառատ գրառումների բովանդակությունից՝ մեր քաղաքացիներին խնդրի էությունը լրատվամիջոցներով ճիշտ չի պարզաբանվում:
     Օրինագիծը ոստիկանությանը գաղտնալսման իրավունք չի վերապահում, այլ՝ գաղտնալսումների իրականացումը հնարավոր է դարձնում ոչ թե Ազգային անվտանգության ծառայության կապուղիներով, այլ հենց՝ ոստիկանության: Ոստիկանությունը գաղտնալսումներ իրականացրել և իրականացնում է, սակայն ներկայումս այս միջոցառումն ապահովում է Ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն՝ կատարվում է միջնորդավորված կարգով: Օրինագծի ընդունման դեպքում կրճատվելու է բյուրոկրատիան, հետևաբար, այն դրական ազդեցություն է թողնելու ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտման աշխատանքների վրա, հատկապես բնակարանային գողությունների, բռնի, քողարկված, այդ թվում կազմակերպված հանցագործոթյունների բացահայտման ու կանխարգելման: Ժամանակակից որևէ պետությունում օպերատիվ ծառայությունները միմյանց գաղտնի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն, այն հետախուզական գործունեության կոնսպիրատիվության սկզբունքի կոպիտ խախտում է: Վերահսկողություն պետք է իրականացնեն դատախազությունը, դատարանները և քաղաքական իշխանության մարմինները: Ընդունված օրինագիծը հենց այս տրամաբանությունն է զարգացնում:
     Այլ խնդիր է, որ պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը, բայց սա արդեն ոչ թե առանձին պատգամավորների, այլ կառավարության և պառլամենտի տնօրինման հարցն է: Գործող օրենսդրությամբ գաղտնալսումների օրինականության երաշխավորման մեխանիզմները, մեղմ ասած, անկատար են: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն այլևս «արխայիկ» իրավական ակտ է, չի արտացոլում հատուկ օպերացինաերի վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու միջազգային լավագույն փորձը: Արդյունքում՝ մեզնից շատերը, առանց հիմնավոր պատճառների, իրենց ընտանիքի անդամների հետ խոսում են whatsapp, viber և այլ ինտերնետային հավելվածներով: Սա անընդունելի իրողություն է. բարոյահոգեբանական և իրավական երանգներին չեմ անդրադառնում:
     Օրինագիծը մերժելով՝ այս կարևոր խնդիրը լուծում չի ստանալու, իսկ օպերատիվ աշխատանքները հնարավոր չէ դադարեցնել: Նույնիսկ միայն մեկ իրավապահ մարմնի վերահսկողության ներքո գաղտնալսման պրակտիկայի շարունակությունը, այսինքն` իրավիճակն անփոփող թողնելը, չի լուծելու կամայական լսումների բացառման հարցը, քանի որ այդ մեկ մարմիննել է գործում առկա անկատար իրավակարգավորումների տիրույթում: Հետևաբար, առաջարկում եմ դադարեցնել օրինագծի ընդունման դեմ նկատվող քարոզչությունը, քանի որ այն շեղում է հանրության ուշադրությունը գլխավոր հիմնահարցից և գործի դնել ժողովրդավարական բոլոր մեխանիզմները կամայական գաղտնալսումների բացառումը երաշխավորող նոր և որակյալ օրենսդրական ակտեր արագ ընդունելու ուղղությամբ»:

| | |
2604 | 0
Facebook