Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Տեղեկություններ կան, որ Վանեցյանը հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխի ստեղծվող ուժի առաջին դեմքը կարող է լինել». Բաբաջանյան

00:35, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ.
«Տեղեկություններ կան, որ Վանեցյանը հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխի ստեղծվող ուժի առաջին դեմքը կարող է լինել». Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի` նոյեմբերի 21-ին տված հարցազրուցին:

«Հայաստանի անվտանգությունն իրապես սպառնալիքի տակ է, քանի որ Հայաստանը կարող է իրեն շռայլություն թույլ տալ Վանեցյանի նման պարզունակ, համապատասխան հմտություններ, հասունություն, գիտելիքներ չունեցող մեկին ԱԱԾ տնօրեն կարգելու։ Այս իմաստով սա հեղափոխության, նրա թիմի, առաջնորդի ամենամեծ բացթողումն է եղել»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե մարդն անմեղսունակության աստիճանի փորձում է «հոդաբաշխ մտքեր» արտահայտել, լրատվամիջոցներն էլ դրանց մեծ կարևորություն և մեծ նշանակություն են տալիս, ապա դա արդեն սպառնալիք է երկրի անվտանգության համար։

Եթերի ընթացքում Բաբաջանյանը նշել է, թե տպավորություն ունի, որ Վանեցյանը միացել է հիբրիդային այն պատերազմին, որը վարում են նախկին ռևանշիստները, որոնք «փորձում են իրենց փաթեթավորել ընդդիմության շղարշով, բայց՝ անհաջող»։

«Կարծում եմ՝ Վանեցյանը և նրան սատարող քաղաքական ուժերն ու գործիչները պիտի ուղղակի երանի տան, որ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե հեղափոխությունն իսկապես շարունակվեր հեղափոխության տրամաբանությամբ, ո՛չ Վանեցյանը, ո՛չ նրան շրջապատող և այսօր նրանով ոգևորվող շրջանակներն իրենց հանգիստ չէին զգա և կգտնվեին համապատասխան տեղում»,- ընգծել է Արման Բաբաջանյանը

Պատգամավորը նշել է, որ իրեն անհանգստացնում է, թե ինչ հանգստությամբ է Արթուր Վանեցյանը քաղաքական դաշտի հետ վերջնագրային տոնով խոսում այն տեղեկությունների մասին, որոնք նրան հասու են դարձել ի պաշտոնե. «Նա փորձում է իր անձնական ու քաղաքական նպատակին ծառայեցնել տեղեկություններ, որոնք նրան հասու չէին լինի, եթե չլիներ ԱԱԾ տնօրեն։ Ես կարծում եմ, որ Վանեցյանը հասկանում է իր արած քայլերի վտանգավորությունը, և եթե նա այս դինամիկան շարունակի, առաջացնելու է խնդիրներ երկրի անվտանգության համար, և քաղաքական իշխանության ու անվտանգության մարմինների համար այլ բան չի մնա, քան նրան մեկուսացնել: Վանեցյանն այսօր քաղաքականապես որբ է, և փնտրում է հովանոցներ, որոնց տակ կկարողանա տեղավորվել և իր քաղաքական ծրագրերն առաջ մղել։ Մենք իշխանությունից դուրս ձևավորված մի քանի օջախներ ունենք՝ ի դեմս Հանրապետականի, Ռոբերտ Քոչարյանին սատարող շրջանակների և արցախյան որոշ օջախների: Վանեցյանը դեռևս չի կողմնորոշվել, թե որտեղ է իր տեղը: Նրա առկախված պատասխանները, կարծում եմ, նպատակ ունեն՝ թե ինչ գնով և ում կծախվի, և դա տեղի կունենա մոտ ապագայում։ Տեղեկություններ կան, որ հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխի կողմից ստեղծվող ուժի առաջին դեմքը կարող է լինել։ Ես հույս ունեմ, որ այդ տեղեկությունները ճիշտ չեն, այն իմաստով, որ Ռուսաստանում բնակվող օլիգարխները հասկանում են իրենց գործողությունների նշանակությունը Ռուսաստանից դուրս, առավել ևս՝ Հայաստանում»,- ասել է նա:

Մանրամասները` տեսանյութում:

«Տեղեկություններ կան, որ Վանեցյանը հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխի ստեղծվող ուժի առաջին դեմքը կարող է լինել». Բաբաջանյան
10770 | 1
Facebook