«Դատարանն իմ նկատմամբ ապօրինի կալանք է կիրառել, ես կալանավորված էի 22 օր շարունակ, այն դեպքում, երբ հանցագործություն տեղի չի ունեցել»,- այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է կալանավայրից այսօր ազատ արձակված՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ իրեն մեղսագրվող արարքը՝ իշխանության յուրացումը կամ դրան օժանդակելը, գոյություն չունի, քանի որ ՍԴ նախագահը չի կարող Դատարանի լիազորությունները միանձնյա իրականացնել:
«Ի սկզբանե չէր կարելի ինձ վերագրվող պաշտոնեական կեղծիքի հոդվածով քննություն իրականացնել, քանի որ կա համաներման մասին օրենքը: Բայց նախաքննություն իրականացնող մարմինը թքած ուներ այս ամենի վրա»,- ասել է Բաբայանը:
Բաբայանի պնդմամբ՝ քրգործում կան նյութեր, որոնք ապացուցում են իր անմեղությունը, սակայն նախաքննության մարմինը դրանք չներկայացրեց դատարան:
«Ես ազատազրկվել և ազատ եմ արձակվել քաղաքական որոշմամբ: Այս ամենն ուղղված էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ: Իշխանության շտապողականությունը տպավորություն է թողնում, թե՝ փորձենք, կստացվի՝ կստացվի: Այս գործը չունի ապագա, կալանավորման գործընթացն ապօրինի էր: Այս քայլն արվեց Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Եթե ակնկալում էին, որ պիտի սուտ ցուցմունք տայի, և դրանով պիտի որևէ քաղաքական նպատակի հասնեին, ի սկզբանե պարզ էր, որ նման բան չէր լինելու...: Արվել է մի բան, որի տակից դուրս չէին գալու: Եվ քաղաքական որոշում կայացվեց, որ օր առաջ ազատվեն այս գլխացավանքից»,-եթերի ընթացքում ասել է Արսեն Բաբայանը:
Մանրամասները` տեսանյութում: