Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀԾԿՀ նախագահը՝ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների մասին

17:25, երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ.
ՀԾԿՀ նախագահը՝ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագների մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հունվարի 1-ից գազի սակագնի բարձրացում հնարավոր չէ՝ պայմանավորված ընթացակարգային գործընթացներով: «Մենք բավական երկար ժամկետային առաջարկ ենք արել սակագնի, և դա հիմա քննարկման փուլում է: Այդ առաջարկների մեջ ձմռան ամիսների սակագնի բարձրացման մասին խոսք չկա, իսկ հետոն կերևա՝ կախված, թե բանակցությունների արդյունքում ինչի կգանք»,-նշեց հանձնաժողովի նախագահը:
     Ինչ վերաբերում է Էլեկտրաէներգիայի սակագնին, ապա 10-15 օրվա ընթացքում 2021 թվականի էլեկտրական էներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը ճշտվելուց հետո միայն հնարավոր կլինի առարկայական խոսել:
     Ջրի սակագինը, որի բարձրացման առաջարկ արել էր «Վեոլիա ջուր» ընկերությունը, Գ. Բաղրամյանի վկայությամբ՝ կվերահաստատվի, և բարձրացում չի լինի: Հիշեցնենք, որ ներկայիս սակագինը 180 դրամ է մեկ խմ-ի համար: «Այսօր գործող սակագինը 191 դրամ է, սակայն սուբսիդավորվում է պետության կողմից: Հիմա հաստատվելու է 180 դրամ՝ առանց սուբսիդիայի»,-պարզաբանեց նա:
     Հարցին, թե իսկ ի՞նչ հիմքով էր ջրամատակարար ընկերությունն առաջարկում բարձրացնել սակագինը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ ամեն տարի ընկերությունը վերցնում է բազիսային գինը, հաշվի է առնում ճշգրտման գործոնները և հայտ ներկայացնում:

10740 | 0
Facebook