Ճապոնիայում մոտ 10 միլիոն մարդ պատրաստվում է տարհանման «Հագիբիս» հզոր թայֆունի պատճառով, հաղորդում է ճապոնական հանրային հեռուստատեսությունը:
Նշվում է, որ ավելի քան 7,6 միլիոն մարդ արդեն ստացել է տարհանման մասին ծանուցում, իսկ ավելի քան 1,7 միլիոն մարդ՝ անմիջապես տարհանման վերաբերյալ ծանուցում: Միևնույն ժամանակ, մայրաքաղաքում արդեն սկսվել է թոշակառուների և տարեցների տարհանումը: Սովորաբար տարհանման կենտրոնները կազմակերպվում են դպրոցների, հասարակական նշանակության շենքերի և սպորտային սրահների տարածքներում:
Հոկտեմբեր 12-ին Տոկիոյում փակ են բազմաթիվ խանութներ, ռեստորաններ և նույնիսկ շուրջօրյա դեղատների մեծ մասը: Այսօր չի իրականացվել թերթերի և տպագիր մամուլի առաքում: Իսկ Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես փակել Հանեդա և Նարիտա օդանավակայանները։