Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

21:05, երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Բելառուսի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է .«Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, կարծում եմ, շատ կարևոր է, որովհետև հոկտեմբերից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, իսկ վաղը մենք պատրաստվում ենք համապատասխան համաձայնագիր ստորագրել Սինգապուրի հետ: Դա նշանակում է, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների շրջանակն ընդլայնվում է, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանում»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է. «Ես ուշադրությամբ եմ հետևում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում: Գիտեմ, որ հայերը բելառուսներին միշտ էլ լավ են վերաբերվել:
     Այսօր մենք, ելնելով մեր ներուժից, ոչ մեծ ապրանքաշրջանառություն ունենք, ինչպես Դուք նշեցիք, բայց այն կարող էր ընդհանրապես չլինել: Ե՛վ ձեզ մոտ, և՛ մեզ մոտ շատերը կարծում էին՝ դե լավ, չենք համագործակցի, Երևանը կհամագործակցի շրջապատող պետությունների հետ, բայց մենք այն ժամանակ ասացինք՝ ոչ, պետք է աստիճանաբար հարաբերություններ կառուցել: Եվ այսօր՝ արդեն Ձեր վարչապետ դառնալուց հետո, ես նայեցի տվյալները՝ 140 տոկոս ապրանքաշրջանառության աճ ունենք: Շատ լավ տեմպ է: Մենք ճանապարհներ գտանք, հատկապես երբ մտանք ԵԱՏՄ, և ես Ձեզ պետք է հավաստիացնեմ, որ այսուհետ ևս այդպես կլինի: Մենք կաջակցենք ձեզ, ձեր բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք:
     Ես դա ասում եմ այն առնչությամբ, Նիկոլ Վովայի, որպեսզի Դուք չմտածեք, թե մեզ մոտ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է: Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել:
     Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին
3855 | 0
Facebook