Առանցքային վկաներից մեկն այլևս չկա, սա ինչպե՞ս կմեկնաբանեք, լրագրողի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Առանցքային վկաներին բոլորին պետք է վերցնել հսկողության տակ: Նրանց որևէ վտանգ պետք է չկպնի: Հայկ Հարությունյանը շատ կարևոր վկա էր, որը Մարտի 1-ին եղել է Ներքին գործերի նախարար և տիրապետում էր հսկայական ինֆորմացիայի: Ափսոսում եմ. ինքնասպանություն էր, թե սպանություն, չգիտեմ, բայց որակյալ նախաքննությունը կտա ուզած հարցերի պատասխանը»:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա Աղվան Հովսեփյանը չկա Մարտի 1-ի գործով վկաների ցանկում, Ա. Քոչարյանն ասաց. «Ես մի անգամ արտահայտվել եմ... Անվտանգության ամենամեծ պրոբլեմը մեր երկրում ստեղծել է Աղվան Գառնիկովիչը, երբ որ եղել է Հանրապետության դատախազը և կեղծիքների մեծ շղթան իր մասնակցության չափաբաժինն է ունեցել: Եթե ինքը ժամանակին ճիշտ վերահսկեր նախաքննական մարմնի ապօրինությունները, այսօր մենք Հայկ Հարությունյանի դիակը չէինք ունենա»:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: Հարցին, թե նա ի՞նչ կարգավիճակ ունի, Արթուր Դավթյանն արձագանքել էր՝ «հետագան ըստ ապացույցների կերևա»: