Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սա մոր և որդու վերջին խոսակցությունն էր. քառօրյա պատերազմի հերոս՝ Արամ Աբրահամյան

14:15, հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ.
Սա մոր և որդու վերջին խոսակցությունն էր. քառօրյա պատերազմի հերոս՝ Արամ Աբրահամյան

«Հետքերը տանում են ծովափ»։ Սա այն գրքի առաջին բառերն են, որ պիտի կարդար քառօրյա պատերազմի հերոս Արամ Աբրահամյանը։ «Արև՜, բառապաշարս հարստացնող ի՞նչ գիրք կուղարկես` կարդամ»,- խնդրել էր նա, և քույրն առանձնացրել էր Վիկտոր Բալայանի «Մեղադրյալի վերջին խոսքը» վեպը։ Ցավոք, Արամի համար պատրաստված գիրքը և քաղցրավենիքն այդպես էլ մնացին չուղարկված…

Լայն ժպիտով, հումորով, կենսախինդ ու հավասարակշռված… Սա այն մակդիրների մի մասն է, որոնք նկարագրում են Արամին՝ բացահայտված և չբացահայտված կողմերով։

Արամ Աբրահամյանը ծնվել է 1996թ-ի նոյեմբերի 25-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղում։ Մանկությունն ու դպրոցական տարիներն անցել են գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցում Արամը ստացել է 9-ամյա կրթություն։ Մայրենիի, օտար լեզուների ու գրականության հարցում գիտեր, որ քույրը՝ Արևը, կօգնի, իսկ մաթեմատիկա և ֆիզիկա առարկաները սիրում էր ինքնուրույն սովորել։ Համակարգչով զբաղվելիս էլ ընտրում էր ուսուցողական խաղեր կամ տեսանյութեր, որոնք պետք է կապ ունենային ֆիզիկայի և մաթեմատիկայի հետ։ Այսօրինակ նախասիրություններով դպրոցն ավարտելուց հետո Արամը որոշում է դառնալ էլեկտրիկ։ Մասնագիտության ընտրությունը պատահական չէր, քանի որ տղայի հայրը՝ Արայիկ Աբրահամյանը, նույնպես էլեկտրիկ է, և երբ աշխատում էր, ինչ-որ նախագծեր կազմում կամ միացումներ կատարում, Արամը դեռ փոքր տարիքից մեծ հետաքրքրությամբ էր նայում հորն ու կողքից էլ փորձում օգնել նրան։

Այսպես, մայրը՝ տիկին Նարգիզը, հիշում է․ «Արամս լույսերն էնքան էր փչացնում, հետո նորից սարքում, ամեն ինչ հոսանքի հետ կապված սարքում էր։ Որպես մտավարժանք հայրը մի անգամ էլեկտրականության միացման սխեման գծեց, ցույց տվեց, հետո ծալեց թուղթը։ Արամն իր հիշողությունով նույնը գծեց՝ լրիվ նույն ճշտությամբ։ Մի անգամ էլ Արամս հոսանքը քաշելու սխեման գծագրեց, որպեսզի հայրը՝ որպես մասնագետ, նայի ու ցուցումներ տա։ Մի քանի օր տևեց դա, հայրն արդեն մեկնել էր արտագնա աշխատանքի։ Էդ գծագիրն էդպես էլ մնաց։ Զոհվելուց հետո իրերի մեջ գտա էդ թուղթը, ու տեսանք, որ ճիշտ էր արել բաժանումը»…

Ընտրած մասնագիտության հետքերով՝ 2012-2015 թթ. Արամը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժնում։

Արամը ծառայության է անցել 2015թ. հունվարի 13-ին Մեխակավանում (Ջաբրայիլում)։ Ծառայել է որպես հրաձգային ջոկի ավագ հրաձիգ, գնդացրորդի օգնական։

Ապրիլի 2-ին տիկին Նարգիզի հեռախոսն անջատված է լինում։ Արամը զանգում է եղբորը և խնդրում, որ նա հեռախոսը փոխանցի մայրիկին։ «Խոսեցինք, ասաց՝ «Մի 2 րոպե ազատ ժամանակ ունեմ, ուզում էի քո ձայնն էլ լսել»»։

Սա մոր և որդու վերջին խոսակցությունն էր։ Ապրիլի 4-ի առավոտյան Արամը խոսել է քրոջ՝ Արևի հետ, ինչից ժամեր անց հերոսն այլևս կենդանի չէր…

5574 | 0
Facebook