Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք

14:35, երեքշաբթի, 23 հուլիսի, 2019 թ.
Հայաստանում արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք

Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:

Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ:

Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:

Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝

* խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ
     * մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր,
     * ախտահարված մասում թմրածության զարգացում
     * ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում
     * որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում
     * գլխապտույտ
     * արտահայտված թքահոսություն
     * սրտխփոց
     * գլխացավ։
     Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝

* տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը
     * վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով
     * ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել
     * անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:
     Հիշեցնենք, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

5723 | 0
Facebook