Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայի նոր խորհրդարանում 5 ուժերից 4-ը կլինեն եվրոպամետ. ԻՔՄ

16:20, երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.
Ուկրաինայի նոր խորհրդարանում 5 ուժերից 4-ը կլինեն եվրոպամետ. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Վահե Ղուկասյանի հոդվածը՝ «Ուկրաինայի նոր խորհրդարանում 5 ուժերից 4-ը կլինեն եվրոպամետ» թեմայով.

«Ուկրաինայում կիրակի՝ հուլիսի 21-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով առավելագույն թվով ձայներ է ստացել երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» (Слуга народа) կուսակցությունը՝ 44.2 տոկոս։

Ընդհանուր առմամբ, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, ուկրաինական խորհրդարան՝ Գերագույն ռադա, բացի «Ժողովրդի ծառայից», անցել է ևս չորս քաղաքական ուժ՝ «Ընդդիմադիր պլատֆորմը» (11.4%), «Եվրոպական համերաշխությունը» (8.8%), «Բատկիվշինան» («Հայրենիք», 7.4%) և «Ձայնը» (Голос, 6․5%):

Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն արտահերթ էին։ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում։ Իր երդմնակալության ժամանակ՝ մայիսի 20-ին, Զելենսկին հայտարարել էր խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Հարկ է նշել, որ Ուկրաինայի սահմանադրությամբ խորհրդարանն ունի 450 պատգամավոր, որոնցից կեսն ընտրվում է համամասնական ցուցակով, իսկ մյուս կեսը՝ մեծամասնական։ Քանի որ Ուկրաինայի մաս կազմող Ղրիմը ներկայում միացված է Ռուսաստանին, իսկ Դոնեցկի և Լուգանսկի որոշ հատվածներ գտնվում են անջատական ուժերի վերահսկողության ներքո, այդ շրջաններից մեծամասնական թեկնածուներ չեն ընտրվել, ուստի Գերագույն ռադան կունենա 424 պատգամավոր։ Ըստ նախնական արդյունքների, Զելենսկու կուսակցությունը կարող է ստանալ 227 մանդատ, ինչը բավարար կլինի առանց կոալիցիայի խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար։

Ով ով է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը թեև գրանցված է 2016 թվականից, սակայն ակտիվ գործունեություն է ծավալում միայն 2019-ի նախագահական ընտրությունների քարոզչական շրջանից։ Կուսակցությունը, ինչպես և Վլադիմիր Զելենսկին, հանդես են գալիս Ուկրաինայի և Արևմուտքի միջև հարաբերությունների խորացման օգտին։ Միևնույն ժամանակ, որպես արտաքին քաղաքական կարևորագույն նպատակներ Զելենսկին նշել է Դոնբասում կրակի դադարեցումը և Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի վերադարձն Ուկրաինայի վերահսկողության ներքո։

«Ընդդիմադիր պլատֆորմ – Հանուն կյանքի» դաշինքն Ուկրաինայում համարվում է պրոռուսական ուժ։ Ուշագրավ է, որ դաշինքի առաջնորդներ Յուրի Բոյկոն և Վիկտոր Մեդվեդչուկն ընտրություններից առաջ՝ հուլիսի 11-ին, այցելել էին Մոսկվա և հանդիպում ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ռուսական պետական գազային «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ։ Ըստ Բոյկոյի, հանդիպմանը քննարկվել էին Ուկրաինա ռուսական գազի մատակարարման հետ կապված հարցեր։ Ընդհանուր առմամբ, այս քաղաքական ուժը հանդես է գալիս մի շարք պրոռուսական դիրքորոշումներով և հայտնվում սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, նրանք Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտը համարում են քաղաքացիական պատերազմ, մտահոգություն հայտնում Ուկրաինայում ռուսալեզու բնակչության նկատմամբ խտրականության կապակցությամբ, իսկ 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունը՝ Եվրամայդանը, անվանում պետական հեղաշրջում։

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը «Համերաշխություն» անվանումով գործում է 2001 թվականից։ 2014 թվականից որպես «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» այն ներկայացված է Գերագույն ռադայում, սակայն 2019-ի նախագահական ընտրություններում Պորոշենկոյի պարտությունից հետո կուսակցությունը վերանվանվել է և հանդես է գալիս ներկայիս անվամբ։

«Եվրոպական համերաշխությունը» արևմտամետ քաղաքական ուժ է, սակայն Պորոշենկոյի կառավարման տարիներին գրանցված ձախողումների, կոռուպցիայի խորացման և Ռուսաստանի հետ հակամարտության փակուղային վիճակի պատճառով այն ներկայում չունի լայն հանրային աջակցություն, ինչն էլ վկայում են ընտրությունների արդյունքները։

Քանակով չորրորդ ամենաշատ ձայն ստացած կուսակցությունը՝ «Բատկիվշինան», համարվում է պրոեվրոպական ուժ, որը հանդես է գալիս ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու օգտին։ Կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն նախկինում զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը, այնուհետ 2011 թվականին դատապարտվել 7 տարվա ազատազրկման Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը ստորագրելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այն ժամանակ Ուկրաինայի գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը Տիմոշենկոյի դատապարտումը համարել են քաղաքական հետապնդում։ Տիմոշենկոն ազատ է արձակվել և անմեղ ճանաչվել միայն 2014-ին՝ Եվրամայդանի հեղափոխությունից հետո։

Հուլիսի 21-ին տեղի ունեցած ընտրություններում անակնկալ կերպով խորհրդարանի անցողիկ 5 տոկոսն է հաղթահարել ուկրաինական հանրահայտ «Օկեան Էլզի» ռոք-խմբի երգիչ Սվյատոսլավ Վակարչուկի «Ձայն» նորաստեղծ կուսակցությունը։ Այս քաղաքական ուժը հանդես է գալիս ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին, ինչպես նաև հայտարարում Ղրիմի՝ Ուկրաինայի կազմ վերադառնալու անխուսափելիության մասին։

Այսպիսով, ամփոփելով Ուկրաինայի խորհրդարան անցած քաղաքական ուժերի արտաքին քաղաքական կողմնորոշումները, կարելի է արձանագրել, որ Գերագույն ռադա անցած հինգ ուժերից չորսը հստակորեն արտահայտվում են Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու օգտին»:

4303 | 0
Facebook