Սևանա լճի հարցը՝ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքվեց, թե ի վերջո Սևանի ծաղկման հիմնական պատճառը ո՞րն է և ի՞նչ գործընթացներ են նախատեսվում ներկայիս վիճակը կարգավորելու համար: «Հիմնական պատճառը այն է, որ Սևանում կա սառը շերտ, որը ջրի մակարդակի իջեցման պատճառով վնասվել է, և այդ մակարդակի բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այս սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որպեսզի այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,-պատասխանեց Գրիգորյանը: Նախարարը նշեց, որ կան համագործակցության նախադրյալներ երկու միջազգային կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Գերմանիայի կառավարության հետ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ դիտարկում արեց այս հարցով որոշ անձանց պատասխանատվության ենթարկելուն, օրինակ՝ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները պատշաճ չիրականացնելու համար: Ի պատասխան դիտարկամանը՝ նախարարը նշեց. «Սևանի մակարդակի բարձրացման հետ կապված մի քանի խնդիրներ կային՝ ինչու չի բարձրացել: Քրեական գործեր է հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների հանդեպ՝ 2,8 միլիարդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և ֆիկտիվ պայմանագրեր կնքելով, լրացուցիցչ առաջարկ ներկայացնելով: Կարծում եմ՝ այս գործի արդյունքում որոշակի բաներ կբացահայտվեն»: Անդրադառանալով Սևանի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ իրականացնելուն՝ Գրիգորյանը նշեց. «Մենք վերլուծություններ իրականացրել ենք և այդ ամբողջ փաթեթը ուղարկել ենք դատախազություն և վերջինը նույնպես որոշակի գործողություններ կիրականացնի»: «Իմ քայլ»-ից պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին խնդրեց նախարարին մատնանշել երեք քայլ, որ նախարարն իրականացրել է Սևանի վիճակը բարելավելու համար: Ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ առաջինը լճի ափամերձ տարածքներում իրականացրած վերլուծությունն է, երկրորդը՝ տիեզերական պատկերների միոցով մանրամասն ուսումնասիրվել են այն բոլոր տարածքները, որտեղ կարիք կլինի մաքրման աշխատանքներ իրականացնել և ամենօրյա ռեժիմով աշխատում են Ջրային կոմիտեի իրենց գործընկերների հետ, որ նվազեցվի ջրբացթողումների չափը: |