Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափն իջեցնել

15:20, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափն իջեցնել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն անդրադարձավ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի վերաբերյալ փոփոխությունների նախագծին։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ 60 անգամ ավելանալու է վերոնշյալ ոլորտների պետական տուրքը:

«Գրավատների պետտուրքի մասով մենք առաջարկում ենք առաջին տարին նախնական 6 միլիոնի փոխարեն 1,5 միլիոն դրամ, հետո՝ 2 միլիոն սահմանել։ Իսկ փոխանակման կետերի մասով՝ նախկին սարսափելի տարբերակի՝ 3 միլիոնի փոխարեն բանակցությունների արդյունքում կոնսեսնսուսային տարբերակով եկանք 750 հազարի դրամ առաջին տարում, հետո՝ 1 միլիոն։ Բայց առաջարկում ենք այս դեպքում էլ 500 հազար դրամից սկսել։ Այսինքն՝ առաջին տարին կլինի 500 հազար դրամ, հետո՝ 1 միլիոն»,-հայտարարեց Թունյանը։

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այս հարցի վերաբերյալ Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումներ են տարվում պետտուրքն ավելի քիչ սահմանելու մասով։

Նշենք նաև, որ մի քանի ամիս է գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերն ու աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում․ նրանք դեմ են ԿԲ-ի առաջարկած նախագծին և նշում են, որ նախագծի ընդունման դեպքում գրավատներն ու փոխանակման կետերը կփակվեն և մարդիկ կմատնվեն անգործության։

2198 | 0
Facebook