Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ ինչու Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին». Արման Բաբաջանյան

17:40, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ ինչու Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ-2019-ը՝ (NATO-Georgia Exercise 2019) ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրի և դաշինքի գործընկերների զինված ուժերի մասնակցությամբ: Այս զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։ Զորավարժություններին մասնակցում են զինված ուժեր Ալբանիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հոլանդիայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Վրաստանից ու Շվեդիայից: Զորավարժությունները, որոնք տեղի կունենան ՆԱՏՕ-ի հետ միասնական վերապատրաստման և գնահատման կենտրոնում (JTEC), կշարունակվեն մինչև մարտի 29-ը: Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի և դաշինքի գործընկերների փոխգործակցությունը:
     Այսպիսով, սա հարևան երկրում ՆԱՏՕ-ի կազմակերպած հերթական զորավարժությունն է, որին Հայաստանը չի մասնակցում՝ այն դեպքում, երբ զորավարժությունների ձևաչափը ներառում է նաև գործընկեր պետությունների։ Պաշտոնապես որևէ հիմնավորում չի ներկայացվել՝ ինչու Հայաստանը չի մասնակցում այս զորավարժություններին։ Մինչդեռ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր պետություն՝ Հայաստանը պետք է մասնակցեր այս զորավարժություններին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների սերտացման և մեր զինված ուժերի պատրաստվածության նպատակով։
     Այս զորավարժություններին մասնակցությունը էապես կնվազեցներ մեր արևմտյան գործընկերների շրջանում Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հետ կապված տարակուսանքը։ Մինչդեռ մեր իշխանությունները ձեռնպահ են մնացել մասնակցությունից՝ ամենայն հավանականությամբ ռուսական կողմի մոտ խանդ չառաջացնելու նպատակով։
     Որպես ինքնիշխան երկիր ու ՆԱՏՕ-ի գործընկեր պետություն՝ Հայաստանը կարող է և պետք է մասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպած միջոցառումներին՝ անկախ դրա նկատմամբ ռուսական վերաբերմունքից։ Վերջապես մենք պետք է կարողանանք առաջնահերթ դասել մեր պետական շահը անգամ ու նաև այն դեպքերում, երբ դա դուր չի գալիս մեր ռազմավարական գործընկերոջը»։

| | |
1397 | 1
Facebook