Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թղթի վրա հեքիաթներ գրելով ռիսկերը չեն անհետանում». Լ. Գալստյան

00:10, կիրակի, 24 փետրվարի, 2019 թ.
«Թղթի վրա հեքիաթներ գրելով ռիսկերը չեն անհետանում». Լ. Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018թ-ի հուլիսի սկզբին Ամուլսարում շինարարական աշխատանքների 80 տոկոսից ավելը կատարելու մասին հայտարարություն արած ընկերությունը՝ 2019 թվի փետրվարին հայտարարում է, որ Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետևանքով հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում՝ չկարողանալով իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլ նաև կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների և գարնանային ձնհալքի հետևանքով էրոզիան և մակերևութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով, Ընկերության ունեցած պարտավորությունների և թույլտվությունների պայմանների համաձայն։
     ***
     ❓Հարց 1․ Բա այդ դեպքում 2018 թվի գարնանային ձնհալքի հետևանքները ո՞նց եք կառավարել, ա՛յ պատասխանատու հանքահեններ, եթե բնապահպանական պաշտպանիչ համակարգերը կառուցված չեն եղել։
     ❓Հարց 2․ Եթե շինարարական աշխատանքների 80 տոկոսից ավելն արել էիք, բա ինչո՞ւ սկզբում բնապահպանական համակարգերի կառուցումը 100 տոկոսով չեք վերջացրել՝ հետո նոր անցել մյուս աշխատանքներին։
     ❓Հարց 3․ 2017 թվին, որ հայտարարում էիք, թե 2018-ի գարնանը ոսկի եք արդեն արտադրելու, բա առանց բնապահպանական համակարգերի 100 տոկոս կառուցման ո՞նց էիք արտադրելու։
     ❓Հարց 4․ 2018-ի գարնանը Արփա գետը, Գնդեվազի ոռոգման ջրամբարը, արոտավայրերն ու հողահանդակները, Գնդեվազի խմելու ջուրը որ աղտոտվեցին գարնանային ձնհալքի ու ձեր արած շինարարական աշխատանքների պատճառով՝ էլի՞ ճանապարհները շրջափակելու հետևանքով էր, որը սկսվել է ամիսներ անց՝ 2018-ի հունիսի 22-ին։
     ***
     Շատ հարցեր կարելի է գրել, բայց անիմաստ է իրականում, քանի որ սրանց նշած բնապահպանական պաշտպանիչ համակարգերը չեն կարող Ամուլսարի նման բարդ լեռնագրական և ջրաբանական տարածքում մակերևույթային ջրերի հոսքը կառավարել, քանի որ դա գրեթե անկառավարելի է։ Իսկ ստորգետյա հոսքն ու փոշու տարածումն ընդհանրապես անկառավարելի է։
     Թղթի վրա հեքիաթներով գրելով ռիսկերը չեն անհետանում, ոչ էլ դառնում են կառավարելի»։

3702 | 0
Facebook