Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ արգելված չէ քարոզչություն անել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

11:25, ուրբաթ, 30 նոյեմբերի, 2018 թ.
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ արգելված չէ քարոզչություն անել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

Թեև Հայաստանի Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին, այդուհանդերձ արգելված չէ ավելի վաղ շրջանում քարոզչություն իրականացնել: Այս մասին հրապարակված միջանկյալ զեկույցում նկատել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական խումբը:

Միջազգային դիտորդների առաջին զեկույցը կազմվել է նոյեմբերի 12-ից 25-ն ընկած ժամանակահատվածը մշտադիտարկելու արդյունքում:

Ընդհանուր առմամբ ներկայացվել են արտահերթ ընտրությունների կազմակերպման իրավական, քաղաքական գործընթացները, նաև որոշ դիտարկումներ են արվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, լրատվամիջոցների աշխատանքի, թեկնածուների հետ հանդիպումներից ստացված տպավորություններից:

Կուսակցությունների ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ ազատ քարոզչություն իրականացնելու հնարավորություն ունեն, այդուհանդերձ, ոմանք մտահոգություն են հայտնել վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, քվեների գնման և ընտրողների վրա ճնշումների գործադրման մասին՝ հատկապես գյուղերում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները մտահոգություններ են լսել նաև օնլայն տիրույթում անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության մասին:

«Լրատվական դաշտը բազմազան է, բայց լրատվամիջոցներից շատերն ասոցիացվում են այս կամ այն քաղաքական ուժի հետ: Հանրային հեռուստաընկերությունը, որ ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել որպես կառավարամետ քաղաքականություն վարող: Հեռարձակվող լրատվամիջոցներից բացի, սոցիալական ցանցերը կարևոր հարթակ են տեղեկատվություն տարածելու համար: Որոշ զրուցակիցներ ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներին ասել են՝ բարելավում են նկատել, սակայն ընդգծել են, որ նոր կառավարության, մասնավորապես՝ վարչապետի նկատմամբ քննադատության հանդեպ անհանդուրժողականություն կա»,- ասված է զեկույցում։

Զեկույցը հիմնականում տեղեկատվական բնույթ է կրում և իրազեկում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքի մասին:

6574 | 0
Facebook