Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը

23:20, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Խաչատրյանի միջազգային մրցույթի բացման արարողությանը

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը (որը տեղի կունենա հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում) մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Նարեկ Հախնազարյանի ելույթը խաչատրյանական մրցույթի բացման համերգին խորհրդանշական է. այսօր արդեն մեծ բեմեր նվաճած երաժիշտը 2006 թվականին՝ 18 տարեկանում, նվաճել է Խաչատրյանի միջազգային մրցույթի առաջին մրցանակը։ Հետագայում Նարեկ Հախնազարյանը դարձել է Չայկովսկու անվան և այլ մրցույթների դափնեկիր։

Խաչատրյանի մրցույթի նպատակն է բացահայտել երաժշտության բնագավառում տաղանդավոր երիտասարդների։ Եվ 2003 թվականից սկսած՝ մրցույթը, հավատարիմ իր սկզբունքներին, երաժշտական աշխարհին է նվիրել այժմ արդեն հայտնի կատարողների՝ Ֆյոդր Ռուդին, Միրա Վոպոտիչ, Անդրեյ Իոնիցա, Յարոսլավ Նադրժիցկի և այլք։ Միաժամանակ մրցույթն աշխարհով մեկ հանրահռչակում է Արամ Խաչատրյանի արվեստը, Հայաստանն ու հայկական մշակույթը։ Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մասնակիցները, երաժշտական այս ստուգատեսի շրջանակներում, սովորելով Խաչատրյանի գործերը, հետագայում դրանք ներկայացնում են տարբեր բեմերում, տարբեր նվագախմբերի նվագակցությամբ։

3539 | 0
Facebook