Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արգենտինացի մասնագետները մարզելու են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները

12:25, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Արգենտինացի մասնագետները մարզելու են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը և արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը:

Վարդան Մինասյանը նշել է, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան․ «Ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ Արգենտինայից հրավիրել ենք մարզչական խումբ: Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են և մեր մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների հետ: Ինպես գիտեք, 2019 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին և արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաև 17 տարեկաննների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ»:
     Արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան նշել է, որ իրենց առաջնային նպատակներից է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը․ «Հայաստանից ստացել ենք շատ գայթակղիչ ու հեռանկարային մի ծրագրի առաջարկ: Հիմա մենք այն ուսումնասիրում ենք, քննարկում տեղում: Այս ծրագիրը շատ մեծ զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլին: Աշխատելու ենք գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ, մեր փորձը, արգենտինական ֆուտբոլի յուրահատկություններն ենք փորձելու ներարկել հայկական ֆուտբոլին: Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ՝ ֆուտբոլի զարգացման համար: Մեր առաջնային նպատակներից է, որ ունենանք հաջողություններ նախ պատանեկան հավաքականների մակարդակով. տարբեր տարիքային հավաքականներ իրավունք նվաճեն մասնակցելու Եվրոպայի, աշխարհի եզրափակիչ մրցաշարերին: Բնականաբար հետագայում այդ սերունդն արդեն կարող է հաջողությունների հասնել ազգային հավաքականի մակարդակով: Տեղյակ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, ինչպես նաև հայ երկրպագուների երազանքն է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի, աշխարհի եզրափակիչ առաջնություններին և մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք այդ երազանքն իրականություն դարձնելու: Հավանաբար 2018 թվականի սկզբին կվերադառնանք Հայաստան մեր մշակած ծրագրով: Այստեղ այն կլրամշակենք, կհարմարեցնենք տեղի պայմաններին և կսկսենք իրագործել՝ հույս ունենալով հասնելու մեծագույն բարձունքների»:

Վարդան Մինասյանն ավելացրել է, որ մարզիչներն աշխատանքի կանցեն փետրվարի 1-ից․ «Բավական քննարկումներ ենք ունեցել: Իրենց եմ ներկայացրել մեր ֆուտբոլի զարգացման փիլիսոփայությունը, որը մշակել ենք արդեն և այն գործում է վերջին 5 ամիսների ընթացում: Գտնում եմ, որ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, մենթալիտետ, ուժեղ և թույլ կողմեր և եթե ինչ-որ բան ենք անում, ապա պետք է հենվենք հենց այդ հատկությունների վրա, չշեղվենք: Նախկինում Հայաստանում աշխատել են հոլանդացի, իսպանացի մասնագետներ, որոնք մեծ օգուտ են տվել մեր ֆուտբոլին: Հիմա ուղղակի ցանկանում ենք այլևս չշեղվել մեր ընտրած ուղուց: Կարծում եմ լավ ստացվեց, որովհետև այն ինչ մենք ցույց ենք տվել արգենտինացի մասնագետներին գրեթե 90- 95 %-ով համընկավ իրենց մտածելակերպին: Նախնական պայմանավորվածության համաձայն` արգենտինացի մասնագետները իրենց պարտականությունների կատարմանն են անցնելու 2018 թվականի փետրվարի 1-ից»:

Արգենտինացի մասնագետները մարզելու են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները
3685 | 0
Facebook