Ինդոնեզիա կատարած այցից հետո 37-ամյա կենդանապաշտպան Ռեբեկա Ուիլլերսի մոտ հայտնաբերվել է անբուժելի հիվանդություն: Մոծակի կծելուց հետո նա տառապում է շարակցական հյուսվածքի սկլերոդերմիայով, որը զուգակցվում է մաշկի, անոթների, հենաշարժական համակարգի ու նեքին օրգանների ախտահարմամբ: Այս հիվանդների 10%-ը մահանում է 5 տարվա ընթացքում:
2015 թվականին Ուիլլերսը մեկնել է Սումատրա, որպեսզի մասնակցի անհետացող սումատրական վագրերի պահպանմանն ուղղված նախագծին: Հենց այդ ժամանակ էլ, ըստ մասնագետների, նա ձեռք է բերել այդ անբուժելի հիվանդությունը, երբ նրան կծել է վարակակիր մոծակը:
Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո կինն իրար ետևից հիվադացել է իրար հետ ոչ մի կապ չունեցող հիվանդություններով, ինչից հետո ախտորոշվել է համակարգային սկլերոդերմիա: Նրա մաշկն ու շարակցական հյուսվածքները դառնում են ամուր, իր իսկ խոսքերով՝ նա վերածվում է քարե արձանի:
«Ամենասարսափելին այն է, թե ինչքան արագ է հիվանդությունը զարգանում: Բժիշկն ինձ նախազգուշացրել էր, որ հետագա 3 տարիների ընթացքում այն ավելի ագրեսիվ կդառնա: Հիմա անգամ ատամ մաքրելն է դժվար, քանի որ մատներս ոչինչ չեն կարողանում բռնել»,- նկարագրել է Ուիլլերսը:
«Կենդանիներն իմ կյանքի ամեն ինչն էին, իսկ հիմա ես ստիպված եմ նստել կենդանաբանական այգու աշխատասենյակում ու թղթեր լրացնել»,- ասել է նա: