ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ և կոչ է անում խուսափել սրացումից: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, հաղորդում է РИА Новости-ն:
«Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Հասկանալի է, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի, և այն, որ ՆԱՏՕ-ն ուղիղ դեր չի խաղում այդ հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սթոլթենբերգը:
Նա նշել է, որ դաշինքն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների վերսկսումը:
«Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել բանակցությունների միջոցով հակամարտության լուծման ուղիներ փնտրել և խուսափել նոր սրացումից»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը: