Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնը պաշտոնանկությունից հետո առաջին հայտարարությունն է արել: Ժամանելով Բրյուսել՝ Պուչդեմոնը հայտարարել է, որ Եվրոպայի մայրաքաղաք է եկել «անվտանգության և ազատության համար» իր քաղաքականությունը շարունակելու, ոչ թե քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նա նշել է, որ ընդունում է Մադրիդի ներկայացրած մարտահրավերը և կմասնակցի դեկտեմբերի 21-ին նշանակված տարածաշրջանային ընտրություններին: «Իսպանիան ցանականում է, որ Կատալոնիան հրաժարվի քաղաքական իր ծրագրից, բայց նրանք դրան չեն հասնի»:
Պուչդեմոնը նաև նշել է, որ չի խուսափում արդարադատությունից: Նա հավելել է, որ Բելգիայում իրենք անվտանգության ավելի մեծ երաշխիքներ ունեն և կարող են այնտեղից կատարել իրենց աշխատանքը:
«Ես կատալոնցիներին հորդորում եմ պատրաստվել երկար ճանապարհի: Ժողովրդավարությունը կդառնա մեր հաղթանակը»,- եզրափակել է նա: