Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է». պաշտպան

12:45, չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2016 թ.
««Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է». պաշտպան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին հոգեմետ դեղեր են խմեցնում։ «Պաշտպանյալս վերջին մեկ շաբաթվա ընթացքում շատ տարօրինակ վարքագիծ ունի, ոչ ադեկվատ վիճակում է գտնվում։ Նախ տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 9-ին այցելեցի Հովհաննեսին, ասացին, որ քնած է: Ինձ հայտնեցին, որ նրան հոգեբույժներ են այցելել և դեղեր են տվել, քանի որ նյարդային վիճակում է, բղավում է, կարծես, հալյուցինացիաներ ունենա։ Հովհաննեսը չի գիտակցում՝ ինչ է անում, ինչ է խոսում: Կարծում եմ` այս պահին գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ, և նրա կյանքին վտանգ է սպառնում»,- ընդգծեց նա: Պաշտպանի խոսքով` փորձել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ի բժիշկներից առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալ, սակայն որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել։ «Դատապարտյալների հիվանդանոց»-ին էլ եմ դիմում-պահանջ ներկայացրել, որպեսզի նրան անհապաղ տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց, հետազոտություններ կատարվեն՝ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Սակայն պատասխան չկա։ Արդարադատության, Առողջապահության նախարարությունների կողմից ևս արձագանք չկա»,-ասաց պաշտպանը։ Վերջինին տարօրինակ է թվացել Հովհաննեսի հետևյալ պահվածքը․ «Դեկտեմբերի 12-ին դատական նիստ կար, Հովհաննեսը դիմում էր գրել՝ խնդրելով ապահովել նիստին իր մասնակցությունը։ Չնայած դրան` Հովհաննեսը չի մասնակցել նիստին, նիստը հետաձգվել է: Հաջորդ նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, այդ օրը ևս նա դատարան չի ներկայացել: Դեկտեմբերի 16-ին Հովհաննեսն ինձ հարցրեց, թե ինչու են իր դատական նիստերն առանց պատճառի հետաձգվում։ Նա այդ մեկ շաբաթում տեղի ունեցած դեպքերն ընդհանրապես չէր հիշում։ Սա ինձ իսկապես զարմացրեց, և եկա այն եզրակացության, որ իմ պաշտպանյալի առողջական վիճակը իրոք լավ չէ, և նրան անհապաղ ստացիոնար բուժօգնություն է հարկավոր»։
     Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում` բժիշկ-մասնագետը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց են ունեցել Հովհաննես Հարությունյանի հետ, և վերջինը որևէ բանից չի դժգոհել։
     Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2964 | 2
Facebook