Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով ցուցմունք են տվել «Շենգավիթ» ԲԿ-ի բուժքույրերը

14:35, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով ցուցմունք են տվել «Շենգավիթ» ԲԿ-ի բուժքույրերը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում ցուցմունք են տվել «Շենգավիթ» ԲԿ-ի բուժքույրեր Արփինե Մուրադյանն ու Լիլիթ Գրիգորյանը:
     Արփինե Մուրադյանն իր ցուցմունքում ասել է, որ ինքը տեղյակ չի եղել Մերիի առողջական վիճակի մասին. «Չեմ իմացել, թե ինչու է հոսպիտալացվել: Նրանով Շուշանիկ Բախշյանն էր զբաղվում»: Տեղեկացնենք, որ նախաքննության ընթացքում Մուրադյանը նշել է, որ ինքը հուլիսի 27-ի առավոտյան հերթապահությունն ընդունելուց հետո մտել է Մերի Մարգարյանի մոտ, հետաքրքրվել նրա առողջական վիճակով:
     Մանկաբարձ Լիլիթ Գրիգորյանն էլ իր ցուցմունքում հայտնել է, որ ինքը միայն տեղյակ է եղել, որ հիվանդանոց է ընդունվել Մերի Մարգարյանը՝ սուր-շնչառական հիվանդություն ախտորոշմամբ, և ենթարկվել հետազոտության: «Ես հիվանդին չեմ զննել, նրա հետ առնչություն չեմ ունեցել, քանի որ օրվա մեծ մասն անցկացնում եմ ծնարանում, և Մերի ընդունման օրը եղել եմ ծնարանի պատասխանատուն»:
     Երկու վկանների հարցաքննությունից հետո այսօրվա դատական նիստը հետաձգվել է և նշանակվել դեկտեմբերի 13-ին:
     Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինի նորածին դուստրը: «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

3243 | 0
Facebook