Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա ծռեր»-ի հարազատների հայտարարությունը

22:05, շաբաթ, 03 դեկտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռեր»-ի հարազատների հայտարարությունը
     «Սասնա ծռեր» խմբավորման և քաղբանտարկյալների հարազատների կոչ-հայտարարությունը.
    
     Հայաստանն ու հայ ժողովուրդն իշխանությունը զավթած, օտար ուժերի ծառայության մեջ գտնվող փոքրաթիվ շերտի և նրա հետ համագործակցող հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական որոշակի ուժերի` պետականությունը կործանող ու ազգաքանդ գործողությունների արդյունքում հայտնվել են լինելության ծանրագույն ճգնաժամի մեջ: Համայն հայության շահերը այլ պետության շահերին ստորադասող ներքին ու արտաքին քաղաքականության, անհագուրդ թալանի ու շահագործման, համաղետի վերածված աղքատության, համատարած անարդարության և անօրինականության, ժողովրդի դեմ կիրառվող մշտական բռնությունների և որպես դրանց արգասիք` անխուսափելի մարդաթափության աստիճանի հասած արտագաղթի հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվել են աննախադեպ սպառնալիքների դեմ հանդիման:
     Իր երկրին ու ժողովրդին նվիրված որևէ գիտակից հայ մարդ չի կարող անտարբեր մնալ այս սողացող կործանման հանդեպ: Ապրիլյան պատերազմը եկավ ապացուցելու, որ դանակն արդեն իսկ խրվում է ոսկորի մեջ: Մեր զավակները, ամուսինները, հայրերն ու եղբայրները, չհամակերպվելով նման կացությանը, և ի տես այն փաստի, որ վարչախումբն ու նրա օտար տերերը բացառել են այս իրավիճակի փոփոխության ցանկացած խաղաղ ճանապարհ, դիմել են վճռական քայլի` իրենց կյանքն ու ընտանիքների բարեկեցությունը դնելով նժարի վրա:
     Զավթված իշխանությունը պահպանելու նպատակով ներկայումս վարչախումբը պատրաստվում է բոլոր անթույլատրելի միջոցներով հերթական կեղծվելիք «ընտրություններին»: Ավելին` մինչ մեր հարազատները գտնվում են անազատության մեջ, սահմանների վրա շարունակվում է թափվել մեր զավակների ու եղբայրների արյունը, մինչդեռ իշխանությունները նոր եռանդով տարփողում են անլուր զոհողությունների գնով ու թանկարժեք արյամբ ազատագրված 7 շրջաններ թշնամուն հանձնելու մասին... Ինչպես որ ամռանը «Սասնա ծռերը» խափանեցին տարածքներ հանձնելու դավադրությունը, այդպես էլ ներկայում և ապագայում մեր ժողովուրդը թույլ չի տալու նման դավաճանություն:
     Մենք՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների և մյուս քաղբանտարկյալների հարազատներս, հավատարիմ ենք մնում նրանց իդեալներին, պահանջներին ու զոհաբերությանը: Համոզված լինելով, որ հուսահատությունն ու թևաթափությունն ամենևին վայել չեն մեր ժողովրդին, կոչ ենք անում մեր հայրենակիցներին ու համաքաղաքացիներին նույնպես չհուսահատվել և շարունակել պայքարն՝ առաջնորդվելով երկիրն ու ազատագրված հողը փրկելու գերագույն մտահոգությամբ:
     Կո՛չ ենք անում մեր ժողովրդին շարունակել մնալ աննկուն:
     Կո՛չ ենք անում բոլոր ազնիվ քաղաքական գործիչներին չտարվել գայթակղությամբ ու ժողովրդին չմղել մոլորության:
     Կո՛չ ենք անում մտավորականներին լինել իսկական հայ մտավորական:
     Կո՛չ ենք անում սփյուռքի մեր հայրենակիցներին արժանապատիվ կեցվածք ցուցաբերել պետության ու հայրենիքի անունով հանդես եկող հայրենի ու սփյուռքյան նենգադավներին ու գործուն մասնակցություն բերել ազգային համաղետը հաղթահարելու գործին:
6538 | 2
Facebook