Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էներգախնայող համակարգ՝ Մարտիրոս գյուղում

15:55, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
Էներգախնայող համակարգ՝ Մարտիրոս գյուղում

Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղը հայտնի է իր ավելի քան 700 տարվա պատմությամբ: Բազմաթիվ պատմամշակութային արժեքներ ունեցող սահմանամերձ այս բնակավայրը 1990-ական թվականներից մնացել է պատերազմական տարիներին հատուկ՝ մութ փողոցներով: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ընդգրկվելուց հետո, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել- ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում, գյուղում տեղակայվել է 52 LED լուսարձակով՝ արտաքին լուսավորության համակարգ։ Լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները՝ ավելի քան 1716 մ երկարությամբ տարածք: Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և գյուղի բնակիչները: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով մարդկանց ֆինանսական բեռը: Տնտեսված գումարները կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների կարգավորմանը: «Սահմանամերձ գյուղերը շարունակում են մնալ մեր և գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Ձգտում ենք անել հնարավորը՝ առկա խնդիրները լուծելու համար: Հաճախ ընտրում ենք մի քանի փուլով դրանք կարգավորելու տարբերակը՝ աշխատանքի ծավալը համապատասխանեցնելով բյուջետային փաստացի հնարավորություններին: Այս ճկուն համակարգի կիրառումը թույլ է տալիս օգտակար լինել տարբեր բնակավայրերում ապրող մեր հայրենակիցներին: Ընթացիկ տարում Վայոց Ձորի մարզում էներգախնայող համակարգ է գործարկվել վեց գյուղում: Ծրագրում ընդգրկվել է ևս երկու բնակավայր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Լուսատուները գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

5961 | 0
Facebook