Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչ քայլեր են իրականացվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ

16:30, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ինչ քայլեր են իրականացվել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգելու ուղղությամբ

Նախորդ տարի Կառավարության կողմից Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթ էր ուղարկվել Ազգային ժողով, ինչը երկար ժամանակ խորհրդարանում չէր քննարկվում: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Մելքոնյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ նախագիծն անչափ կարևոր է, բայց թե ինչու քննարկման չի դրվում, ինքն էլ պատճառը չգիտի:
     MAMUL.am-ի թղթակիցն այսօր Դ. Մելքոնյանից տեղեկացավ, որ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է, առաջիկայում սպասվում է երկրորդ ընթերցումը:
     Նա հույս հայտնեց, որ օրենքի նախագծի` ամբողջական ընդունման դեպքում բոլոր խնդիրներն ու պրոբլեմները կլուծվեն, քանի որ հստակ կարգավորումներ և պատժամիջոցներ են առաջարկվում: «Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ, խիստ վերահսկողություն կսահմանվի տոմսերի վաճառքի վրա, բացի այդ, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է կատարվեն միայն պատվերով, պայմանագրի առկայության դեպքում` առաջնությունը տալով ուղևորների անվտանգությանը»:
     Թե քանի ընկերություն է ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնում այսօր, նախարարության պատասխանատուն ասաց, իրենք նման վիճակագրություն չունեն, քանի որ ոլորտն իրենց դաշտում չէ: Միայն հայտնեց, որ այս պահի դրությամբ երկու խոշոր ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ արդեն գործում են կանոնավոր փոխադրումների չափանիշներով:
     Պարզվում է` մինչ այս ցանկացած անհատ կամ քաղաքացի կարող էր համապատասխան մեքենա գնել և գումարի դիմաց մարդկանց դուրս հանել երկրից` փոխադրողի հետ պայմանագրով իրավահարաբերությունները ձևակերպելու դեպքում:
     Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել՝ 27-ը: 2015-ինոյեմբերի 3-ին էլ Տուլայի տարածաշրջանում Երևան-Մոսկվա ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել էր 9 մարդ:

2264 | 0
Facebook