Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լիճքն ապահովվել է ավելի քան 3 կմ երկարությամբ արտաքին լուսավորությամբ

14:25, չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2016 թ.
Լիճքն ապահովվել է ավելի քան 3 կմ երկարությամբ արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում այս տարի տեղակայվել է 53 լուսատու՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգով: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1,650մ ընդhանուր երկարությամբ:

Դեռևս նախորդ տարի՝ Լիճք համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային (LED) համակարգով աշխատող 47 լուսատու էր տեղադրվել՝ լուսավորելով 1,450մ երկարությամբ տարածք: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Լիճքն ապահովվել է ավելի քան 3 կմ երկարությամբ արտաքին լուսավորությամբ: Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը և համայնքի բնակիչները:
Լուսատուները համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 20:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ օգտագործելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: «Վերջին տասնամյակների՝ տեխնոլոգիական սրընթաց զարգացումը միտված է մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը և ճանաչողության նոր հնարավորությունների ստեղծմանը: Այնուամենայնիվ, այդ առաջընթացն իր հետ բերում է նաև բացասական հետևանքներ. չարաշահվում են Երկիր մոլորակի բնական ռեսուրսները, աղտոտվում է շրջակա միջավայրը, անդառնալի կորուստներ է կրում բնությունը: Այս երևույթները մեղմելու միջոցներ ստեղծելը և կիրառելը օրհասական խնդիր է դարձել մարդկության համար: Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը լուծումներից մեկն է, և ուրախ եմ, որ այդ գաղափարը լայն տարածում է գտնում և իրականացվում է Հայաստանում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ- ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը: Դա նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը:

5406 | 0
Facebook