Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խղճուկ աշխատավարձի և աշխատանք չունենալու պատճառով, ամենաչնչին արժեքի ապրանքն էլ մեզ համար թանկ է. սեպտեմբերմեկյան ծախսեր ու հոգսեր

15:20, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2016 թ.
Խղճուկ աշխատավարձի և աշխատանք չունենալու պատճառով, ամենաչնչին արժեքի ապրանքն էլ մեզ համար թանկ է. սեպտեմբերմեկյան ծախսեր ու հոգսեր

Վաղն արդեն սեպտեմբերի մեկն է` նոր ուսումնական տարվա առաջին օրը, իսկ սեփական երեխաներին դպրոց նախապատրաստող ծնողները, դեռևս չեն ավարտել գնումները: Նրանցից շատերը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեցին, որ թեպետ խանութներում դպրոցական պարագաներն ու հագուստներն այնքան էլ թանկ չեն վաճառվում, բայց, ամեն դեպքում, իրենք գնումների հետ կապված խնդիրներ ունեն: «Պատճառը թանկությունը չէ, այլ այն, որ խղճուկ աշխատավարձի և աշխատանք չունենալու պատճառով, ամենաչնչին արժեքի ապրանքն էլ մեզ համար թանկ է»,- անկեղծացավ երկու դպրոցահասակ թոռնիկների տատիկը` Արաքսյան` պատմելով, որ որդին դրսից` Ռուսաստանից է գումար ուղարկում, որ երեխաների պահանջները կատարեն: «Ռուսականն էլ արժեք չունի ախր, դողդողալով ենք ծախսում, որ բավականացնի»,- գանգատվեց տիկինը:

Տիգրան Մեծ պողոտայում գտնվող մի շարք խանութների վաճառողները` մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրեցին, որ դպրոցական հագուստների գների մեջ բարձրացում չի եղել, ավելին, դեռ մի բան էլ զեղչեր են արվել` մտնելով քաղաքացիների դրության մեջ. «Ունենք վերնաշապիկներ, որ 4000 դրամից իջեցրել ենք 3000-ի: Սպորտային հագուստների մեջ էլ արդեն 5 օր է, տնօրենի որոշմամբ, զեղչեր են արվել»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, վերջին օրերին առևտուրը լավ է, «եռուզեռ է, մարդիկ մտնում են, հարցնում, գնումներ կատարում»:

Ի տարբերություն այս խանութների, որտեղ եռուզեռ է և առևտուրն էլ լավ, վերոնշյալ պողոտայում քիչ չեն նաև խանութները, որտեղ թեկուզև օգոստոսյան այս եռուն սեզոնին, (երբ նույնիսկ գների բարձրացում չկա), անհասկանալի պատճառներով առևտուր չկա: «Մտնող չկա»,- մեր հարցին, թե գո՞հ են արդյոք առևտրից, կարճ ասաց վաճառողուհին: Թե ինչումն է խնդիրը` դժվարացավ պատասխանել, միայն շեշտեց, որ գների բարձրացում չի եղել, ապրանքների գները նույնն են, բայց պատկերը, ինչպես նախկինում, տխուր է:

Ծաղկավաճառներն էլ իրենց հերթին արդարացան, թե սեփական մեղքով չէ, որ սեպտեմբերի առաջին օրերին կտրուկ թանկանում է ծաղկի գինը: «Որոշող կա, աղջիկ ջան, հրաման տվող կա, կարողա՞ իմ աճեցրած ծաղիկն է… ոնց ասում են` էնպես էլ անում ենք, թող ասեն էժանացրեք` կէժանացնենք… դե ամեն ծաղիկ իր գինն ունի, ինչպես միշտ, ամեն անգամվա պես, մի 500-1000-1500 դրամով կթանկանա»:

Ի դեպ, որոշ ծնողների հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ վերջիններին ամենից շատ մտահոգում են դպրոցների պահանջները, որոնց դիմաց, ինչպես իրենք արտահայտվեցին, այս առևտուրը «չնչին բան է»:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերմեկյան ծախսերին և դրանից բխող խնդիրներին, նշեց, որ թե´ գրենական պիտույքները, թե´ տոնավաճառներում վաճառվող դպրոցական հագուստն ու մնացած պարագաների գնաճն այդքան էլ բարձր չէ.


     «Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնաճ համարյա թե չկա, իսկ եթե որոշ ապրանքներում կա էլ, ապա շատ չնչին է` ընդամենը 5 %: Բայց, քանի որ երկրի և մարդկանց սոցիալական վիճակն է վատ, այդ չնչինն էլ մեծ բան է նրանց համար: «Ուսումնական տարուն նախապատրաստվելիս` յուրաքանչյուր ընտանիք մեկ երեխայի համար 50 հազար դրամին մոտ ծախս պետք է անի: Հիմնականում կախված է հնարավորությունից, եթե երեխան ապահոված ընտանիքի երեխա է, այդ ծախսերը կարող են հասնել նույնիսկ 200 և ավելի հազարի»,- բացատրեց Ա. Պողոսյանը:

9085 | 1
Facebook