Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դիմավորման օրը ես ինձ Ալեքսանդր Մակեդոնացի էի զգում». Միհրան Հարությունյանը՝ հայրենիքի, Ռիոյի, Չունաևի և առաջիկա ծրագրերի մասին

20:45, երկուշաբթի, 29 օգոստոսի, 2016 թ.
«Դիմավորման օրը ես ինձ Ալեքսանդր Մակեդոնացի էի զգում». Միհրան Հարությունյանը՝ հայրենիքի, Ռիոյի, Չունաևի և առաջիկա ծրագրերի մասին

Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, հայրենիք վերադառնալուց հետո, «Ռադիո Վան»-ի եթերում խոսել է Ռիոյի, մրցավարական անարդարության, նպատակների ու առաջիկա ծրագրերի մասին։

Հայրենիքում դիմավորելու մասին

«Արդեն մի քանի օր է փողոց եմ դուրս գալիս և զգում եմ ժողովրդի աջակցությունը և սերը։ Դա աներևակայելի զգացում է։ Բայց, ամեն դեպքում, ինձ չի լքում այն զգացումը, որ ինձ մոտ չէ այն պարգևը, որը պետք է լիներ։ Այդ զգացումն ինձ երբեք չի լքի։ Փոխարենը կան այլ զգացումներ՝ երջանիկ եմ, որ Հայաստանի քաղաքացի եմ և հայ ազգի զավակ։ Դա ամեն ինչը ծածկում է։ Չնայած անհամեստ է հնչում, բայց այդ օրը ես ինձ Ալեքսանդր Մակեդոնացի էի զգում՝ կարծես ողջ աշխարհն ինձ համար ցնծում է և ողջունում է ինձ։ Դա կյանքիս ամենաերջանիկն օրն էր, երևի թե ոչինչ դրա հետ չի համեմատվի։ Ոչ մի բան ավելի հիանալի չէ, քան այն պահը, երբ գորգում քո ձեռքն են բարձրացնում, և չկա ավելի լավ ու արժեքավոր բան, քան ազգիդ սերը։ Ինձ մոտենում են երեխաներ, մեծահասակներ և ցանկանում են լուսանկարվել ինձ հետ։ Շատ եմ գնահատում դա։ Դա շատ է մոտիվացնում»։

Թիմի մասին

«Հիմա ասել, որ գոհ ենք երկու մեդալ նվաճելու կապակցությամբ և զիլ ենք, ճիշտ չէ։ Գուցե և զիլ ենք, բայց մենք երբեք չենք բավարարվում ունեցածով։ Գնացինք 4 հոգով, եթե բոլորս մեդալ նվաճեինք, գոհ կլինեինք։ Ցավոք չստացվեց։ Բայց այս արդյունքի համար էլ ենք շնորհակալ Տեր Աստծուն։ Դեռ ձգտելու տեղ ունենք»։

Արսեն Ջուլֆալակյանի պարտության մասին

«Սա սպորտ է, ըմբշամարտ է։ Նման բան լինում է։ Այդ տղան իր գործի մեծ վարպետն է։ Ուղղակի այդ գոտեմարտը չստացվեց։ Նա այդքան էլ թույլ մրցակցի հետ չէր գոտեմարտում, բուլղարացին անակնկալներ մատուցող ըմբիշ է։ Շատերը, սակայն, նրան թերագնահատում են։ Արսենը, երևի, պատշաճ կերպ չտրամադրվեց գոտեմարտին ու չստացվեց։ Կարծում եմ՝ եթե այդ գոտեմարտը ստացվեր, վերջում ամեն ինչ այլ կերպ կլիներ»։

Մրցավարական անարդարության մասին

«Կան մարդիկ, ովքեր չեն ուզում, որ ես հաղթեմ և իմ տեղում լինեմ։ Բայց, ինչպես ասել է մեծն Մարկ Ավրելիոսը, «մեղադրիր քեզ, կամ մի մեղադրիր ոչ ոքի»։ Ես հիմա չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել։ Ես պետք է կա՛մ վերադառնամ և շարունակեմ պայքարել իրենց դեմ՝ մրցավարների, մրացակիցների, կա՛մ մի կողմ գնալ և հրաժեշտ տալ իրենց»։

Ըմբշամարտի կանոնների մասին

«Անարդարության դեմ պետք է պայքարել։ Լավ կլիներ որոշակի շտկումներ մտցնել կանոնների մեջ՝ մասնավորապես վերջին գործողության կանոնի, պասիվության համար միավոր կորցնելու կանոնի։ Բայց միևնույն է, մրցավարները միշտ գտնելու են գոտեմարտը «փչացնելու» ձևը։ Արդյունքում որոշումները կայացվելու են նրանց նախասիրությունների հիման վրա։ Սրա դեմ անիմաստ է պայքարել։ Դա միշտ եղել է և կլինի»։

Եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու մասին

«Այս պահին չգիտեմ, թե որ փուլում է այդ հարցը։ Բայց հույս ունեմ, որ հենց այսպես այդ ամենի հետ չեն համաձայնվի։ Ես դա շատ եմ ուզում, քանի որ սա ընդհանուր մեդալ է, ընդհանուր նվաճում, և ես հավատում եմ, որ ամեն ինչ կստացվի։ Դրա համար պետք է փորձել, մնացածը հետո կերևա»։

Եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ մրցակիցների կարծիքի մասին

«Մրցակիցներիս հետ ջերմ հարաբերություններ ունեմ։ Ում հետ մոտ եմ, մոտ եմ, բայց ում հետ ոչ, միևնույնն է, ջերմ ողջույնն ապահովված է։ Մրցակիցներիցս, առհասարակ ըմբիշներից կարճ մեկնաբանություններ եմ լսել․ «Դու հաղթել ես, դու լավագույնն ես» ոճով։ Դեռ ոչ մեկից չեմ լսել, որ պարտվել եմ այդ գոտեմարտում։ Բայց, միևնույնն է, դա ինձ չի հանգստացնում»։

Ադրբեջանցի և թուրք մրցակիցների մասին

«Մարզական տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա, թե ում հետ եմ գոտեմարտում։ Ուղղակի այս դեպքում ինչ-որ տեղ մեծանում է հանդիսատեսի սերը և որոշ քաղաքական հարցեր են բարձրանում։ Փառք Աստծո, ես կարողանում եմ այդ ամենը հաղթահարել։ Ամեն դեպքում՝ շեշտը չեմ դնում նրա վրա, որ մրցակիցս ադրբեջանցի է կամ թուրք։ Ես չեմ կարող նրանց հետ ատելությամբ գոտեմարտել, որքան էլ դա ցանկալի չլինի լսել երկրպագուներին։ Նրանցից շատերն իմ ընկերներն են, և ես ուղղակի իրավունք չունեմ նման կերպ տրամադրվել։ Բայց ինչպես ասել եմ և ասում եմ՝ կարևոր չէ, թե ում հետ եմ գոտեմարտելու, կարևորն այն է, որ պետք է հաղթես։ Չեմ ցանկանում, որ մարդիկ սուր արձագանքեն այդ հաղթանակներին։ Եզրափակիչ գոտեմարտիցս հետո հանդիպեցինք Չունաևի հետ, իրար ձեռք սեղմեցինք՝ տղամարդկանց, իսկական մարզիկների պես։ Նա ինձ ասաց, որ ես ամենաարժանին էի այդ հաղթանակին։ Հուսանք, որ մաքուր սպորտը կհաղթի քաղաքական բոլոր խմորումները»։

Ռիոյի մասին

«Ռիոյում ինձ մի բան դուր եկավ, որը յուրաքանչյուր մարդուն ստիպում է վերադառնալ այնտեղ։ Դա Հիսուս Քրիստոսի արձանն է։ Իրապես, հզոր վայր է, շատ գեղեցիկ և էներգետիկայով լի։ Յուրաքանչյուր մարդ, ով եղել է այնտեղ, կարծում եմ՝ կցանկանա վերադառնալ։ Իսկ, ընդհանուր առմամբ, օլիմպիական խաղերը բարձր մակարդակով չէին կազմակերպված։ Նույնիսկ համեմատելով Բաքվի խաղերի հետ, չեմ ամաչի ասել, որ Բաքվում ավելի բարձր մակարդակ էր, քան Ռիոյում»։

Պարգևավճարների մասին

«Իրոք կան շատ մարդիկ, ովքեր մեզ օգնում են։ Կան շատ լավ ու վատ բաներ։ Բոլորդ, երևի թե, հետևում եք լուրերին և գիտեք, որ այլ երկրներում մարզիկների ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես, նրանց պատշաճ կերպ դիմավորեցին։ Մեզ շատ լավ դիմավորեցին․․․բայց պետք է նշեմ, որ այլ ազգի մարզիկների դիմավորման արորողությանը հետևելը բոլորին շատ հաճելի է, դա տարածվում է․․ օրինակ, որ Սադուլաևին «Geländewagen» են նվիրել։ Շատերը հպարտանում են դրանով, և շատերին է դա հաճելի։ Հազարավոր, միլիոնավոր տղաներին դա մոտիվացնում է։ Նրանք հասկանում են, որ դա իրական է, և սկսում են քրտնաջան աշխատել՝ դրան հասնելու համար։

Առաջիկա ծրագրերի մասին

Հիմա ապագայի մասին չեմ մտածում։ Զայրույթ չունեմ։ Կա երազանք, որը գողացան։ Դու հասկանում ես, որ այն կարող է լինել և կարող է չլինել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կվերականգնվես և ինչպես կգնաս դեպի նպատակդ։ Հիմա ուզում եմ հանգստանալ, մենակ մնալ, շատ բանի մասին մտածել։ Դրա համար ինձ, գուցե, արևադարձային երկրում կամ նույնիսկ սովորական գյուղում հանգիստ անհրաժեշտ լինի»։

Մեծերի մասին

«Մանուկ հասակում ինձ ոգեշնչում էր լեգենդար Սուրեն Նալբանդյանը։ Նա խելահեղ մարդ է՝ ինչպես Մայք Թայսոնը բռնցքամարտում, նա ըմբշամարտում է։ Ժամանակ կար, երբ նրանց համեմատում էին։ Երբ սկսեցի ըմբշամարտով զբաղվել, ինձ դուր էին գալիս Արմեն Նազարյանը, Մնացական Իսկանդարյանը, Վարդերես Սամուրղաշևը։ Հայրս միշտ նշում էր նաև Բենուր Փաշայանի վարպետությունը։ Նա հզոր ըմբիշ է»։

Սպորտային կարիերայի ավարտից հետո մասնագիտության ընտրության մասին

«Դեռևս երկու բարձրագույն կրթություն ունեմ՝ «Մենեջմենթը սպորտում» և «Հանրային կառավարում»։ Անպայման մի զբաղմունք կգտնեմ։ Չեմ ցանկանում դեռևս մեկնաբանել մնում եմ սպորտում, թե ոչ։ Եթե պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտից հետո մնամ սպորտում, կարող եմ մարզական միջոցառումների լավ կազմակերպիչ կամ մարզիչ դառնալ»։

Սիրո և հայուհիների մասին

«Ազա՞տ է, արդյոք, սիրտս․․ ոչ այն լի է լրիվ այլ մեծ սիրով և ուշադրությամբ։ Դեռևս չեմ մտածում այդ մասին։ Դրա ժամանակը չէ։ Հիմա ինձ դադար է պետք՝ ոչ միայն սպորտում, այլև կյանքում։ Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ փոքր ուղերձ հղել մեր հայուհիներին։ Ես շատ եմ սիրում եկեղեցիներում լինել, բայց հաճախ այնտեղ գտնվելիս ամաչում եմ։ Ես գիտեմ, որ ես հայ եմ և հզոր ազգ ունեմ՝ հսկայական պատմությամբ և դաստիարակությամբ։ Եկեղեցիներում հաճախ եմ զայրանում՝ տեսնելով գլուխը չծածկած կանանց, կարճ շրջազգեստով՝ ավելի կարճ, քան իմ շապիկը, և շատ այլ բաներ։ Խնդրում եմ բոլոր հայ կանանց համապատասխանել իսկական հայուհու կերպարին։ Խնդրում եմ, այնպես արեք, որ ձեր հայրերն ու եղբայրները հպարտանան ձեզնով։ Ուղղակի ամաչում եմ, երբ նման բան եմ տեսնում։ Դուք այդքան հաճախ չեք եկեղեցի գնում, որ այդպես եք հագնվում»։

Բարեմաղթանքներն աճող սերնդին

«Ցանկանում եմ շատ էներգիա, ընտանիքի և ազգի հանդեպ հավատ։ Ցանկանում եմ, որ կյանքի ճանապարհներին այնպիսի մարդկանց հանդիպեն, ովքեր նրանց կողքին կլինեն ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին, կմոտիվացնեն նրանց։ Թող այդ մարդիկ, միշտ ոգեշնչեն նրանց»։

5504 | 2
Facebook