Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես հայրենիքից չեմ հեռացել». այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է

14:45, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
«Ես հայրենիքից չեմ հեռացել». այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է

Կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երկար ժամանակ ապրում և ստեղծագործում էր Ամերիկայում, սակայն հարցազրույցների ժամանակ կրկնում էր, որ ինքը ոչ թե ապրում է, այլ՝ աշխատում է ԱՄՆ-ում, իսկ իր իսկական տունը Երևանում է։ «Ես հայրենիքից չեմ հեռացել»,- ասում էր նա:

Օրբելյանը սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1956-92թթ եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը:

Արտահայտման անմիջականությամբ և քնարական հագեցվածությամբ աչքի է ընկնում նրա լարային կվարտետը, որը 1957թ. Մոսկվայում արժանացել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի առաջին մրցանակին: Ճանաչում են գտել նաև նրա սիմֆոնիան և «Անմահություն» բալետը:

Սիմֆոնիկ գործերի թվում են նաև «Հուշարձան» և «Դեպի թռիչք» խորեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանքը» և «Զանգեզուր» պոեմը: Գրել է «Սիրում եմ քեզ, դու իմ Մոսկվա», «Երևանյան մեղեդի», «Ռեքվիեմ», «Կեչիների աղմուկը», «Արևիկ», «Սերը չի ծերանում», «Գալիս ես, գալիս ես», «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Հիշեք» և բազմաթիվ այլ երգեր, էստրադային պիեսներ, ջազային կոմպոզիցիաներ:

3331 | 2
Facebook