Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սասնա ծռեր»-ն ազատ արձակեց ոստիկաններին, իշխանությունն էլ կարող էր Սեֆիլյանին ազատ արձակել, ինչը կփոխեր մթնոլորտը». Ստեփան Գրիգորյան

16:45, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
««Սասնա ծռեր»-ն ազատ արձակեց ոստիկաններին, իշխանությունն էլ կարող էր Սեֆիլյանին ազատ արձակել, ինչը կփոխեր մթնոլորտը». Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն այսօր անդրադարձելէ «Սասնա ծռեր»-ի հետ բանակցություններին, ներկա իրավիճակին և առաջարկել հնարավոր ելքեր: Ըստ Ս. Գրիգորյանի` իշխանությունները բանակցության գործընթաց տարան մինչև այն պահը, քանի դեռ ազատ չէին արձակվել պատանդ ոստիկանները, իսկ դրանից հետո նրանք համարում են որ պատասխանատվություն չեն կրում ոչնչի համար: «Ավելի լավը թուրք ասկյարն էր, որ 18 թվին կոտորում էր հայերին, թե այս իշխանությունները: Ես համոզված չեմ, որ բանակցություններ կան հիմա»,- հարցադրում արեց փորձագետն` առաջարկելով ոստիկաններին ուղարկել առաջնագիծ, «պատկերացրեք թե ինչ ատելությամբ կծեծեն ադրբեջանցիներին, եթե հայերին են այդպես ծեծում, ինչպիսի ատելություն կա նրանց սրտում դեպի իրենց հայրենակիցը»:
     Հաջորդ առաջարկը հետևայլն է` բոլոր դիպուկահարներին դուրս բերել այդ տարածքից: «Նաև կոչ եմ անում ոստիկաններին` չկատարել հանցավոր հրամաններ, իրենք իրավունք ունենք չկատարելու»,- ասաց Ս. Գրիգորյանը` հավելելով, որ ինչպես փորձն է ցույց տվել, իշխանությունները նման ճգնաժամերին չեն ցուցաբերել քաղաքական կամք, ինչն էլ հենց անվստահություն է ծնում: «Իշխանությունները շատ ժամանակ մտածում են` եթե զիջումների գնան, դա կընկալվի որպես թուլություն, ինչի պատճառով էլ նրանք շատ անգամ սխալներ են թույլ տալիս…: Եթե այդ ոստիկաններին «Սասնա ծռերն» ազատ արձակեց, նույն կերպ կարելի էր Սեֆիլյանին ազատ արձակել, և այդ մարդը, վստահ եմ, ոչ մեկի համար վտանգ չէր ներկայացնի, բացի այդ, դա շատ լուրջ կփոխեր մթնոլորտը: Իշխանություններն ակտիվիստներին բռնելու փոխարեն լուրջ ուսումնասիրություն պետք է սկսեին ամսի 20-ի բռնարարքների դեմ: Այդ դեպքում իրենց նկատմամբ վստահությունը կբարձրանար»,- ասաց նա` աննախադեպ գնահատելով այն, որ զենքով մարդիկ պետական շենք են գրավում, իսկ անմիջապես կողքը հանրահավաք անցկացվում` ի աջակցություն այդ տղաների:
     Գրիգորյանի կարծիքով, երեկ գիշերվանից որոշում է կայացվել հարցը լուծել ուժային մեթոդով: «Իհարկե, ոչ թե մեծ խմբեր ուղարկել ջարդելու, փշրելու, բայց կամաց-կամաց խեղդելու տղաներին…: Մենք` փորձագետներս, պետք է մեսիջներ ուղարկենք իշխանություններին, օրինակ` ի՞նչ իրավունքով են այնտեղ դիպուկահարներ դրել, երբ շրջակա տարածքում բազմաթիվ բնակելի շենքեր կան: Այստեղ, ինչ-որ տեղ, մենք սովորեցնելու ունենք իշխանություններին»:
     Փորձագետը կոչ արեց իշխանություններին` «մի փոքր ավելի ադեկվատ լինել»:
     «Իշխանությունների առաջին գործը հայտարարությամբ հանդես գալն է, որ տարածքների հանձնում չի նախատեսվում, այս հարցն ամենաարդիականն է, սա նույնպես հուզում է ցուցարարներին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց իշխանությունների թուլությունն ու սխալները, ու մենք համոզված չենք, որ փոփոխություն կատարվեց: Այդ տղերքը համակրանք ունեն ժողովրդի մեջ նաև այն պատճառով, որ Սեֆիլյանն առաջինն ասաց, որ մենք ապրիլին տարածքային կորուստներ ենք ունեցել և շատերը հենց դրա հետ են կապում վերջինի ձերբակալությունը»,- եզրափակեց նա:

4315 | 1
Facebook