Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եզրափակվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը

19:35, երկուշաբթի, 18 հուլիսի, 2016 թ.
Եզրափակվել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը

Համաշխարհային կինոարվեստի շունչը մեկ շաբաթ մայրաքաղաքում տարածած հերթական «Ոսկե ծիրանն» ինքնատիպ էր միջոցառումների բազմազանությամբ, ճանաչված կինոգործիչների, հյուրերի մասնակցությամբ և բազմաժանր ֆիլմերի ցուցադրությամբ: 13-րդ «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց մայրաքաղաքին՝ մրցանակի արժանացնելով հաղթողներին: Հայկական կինոյում ունեցած մեծ ավանդի համար՝ «Եղիցի լույս» հատուկ մրցանակին արժանացավ ռեժիսոր Ռոման Բալայանը: Փառատոնային շաբաթը հագեցած էր իրադարձություններով. Հայաստանի Հանրապետության անկախության 25- ամյակին նվիրված «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագրի իրականացում, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղան-քննարկումներ, վարպետության դասեր, որոնք անցկացրեցին Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա, ռեժիսոր/օպերատոր), Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա, ռեժիսոր),Վիտալի Մանսկին (Ռուսաստան, ռեժիսոր), Հոմայուն Էրշադին (Իրան, դերասան) և Անդրեյ Լոշակը (Ռուսաստան, ռեժիսոր), Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին նվիրված երեկոյի անցկացում, ռեժիսորներ Ժելիմիր Ժիլնիկի և Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ և այլն: Փառատոնը նշանավորվեց հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի զարգացման հերթական աշխատաժողովի անցկացմամբ: Ռեժիսորներ Առնո Խայաջանյանը («Բարի գալուստ, Անատոլիա») և Իննա Սահակյանը («Ավրորայի արևածագը») պարգևատրվեցին համապատասխանաբար՝ 7500 և 5000 ԱՄՆ դոլար մրցանակով: Փառատոնն իր ներկայությամբ պատվեց հանրահայտ դերասանուհի, մեծանուն ռեժիսորների ֆիլմերի աստղ Ժակլին Բիսեթը: Հանդիսատեսը հանրահայտ երեք կինոնկար դիտեց նրա դերակատարմամբ: 13-րդ «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք մատուցեց փառատոնի լավագույն բարեկամ, ճանաչված ռեժիսոր, երջանկահիշատակ Աբաս Քիառոսթամիի հիշատակին: «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց նրա «Բալի համը» կինոնկարը, իսկ «Դալան» պատկերասրահում բացվեց «Ճանապարհ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրեց նաև «Ֆրանսիական նոր կինո», «Գերմանական կինոյի օր», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Լեհական կինոյի օր» ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությամբ: Իսկ «Երևանյան պրեմիերաներ»-ի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեցին երբևէ մեծ էկրանին չցուցադրված ֆիլմեր: Մեկշաբաթյա կինոտոնի պաշտոնական փակումն ազդարարեցին «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի գլխավոր գործընկեր կազմակերպության՝ ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Սիրված կինոտոնը եզրափակվեց աշխարհահռչակ բելգիացի ռեժիսորներ Դարդեն եղբայրների վերջին՝ «Անծանոթուհին» ֆիլմի ցուցադրությամբ: «Հերթական «Ոսկե ծիրանն» ավարտեց իր աշխատանքները, բայց ոչ՝ առաքելությունը: Հայաստանում սիրված կինոփառատոնն իր երկրպագուներին թողնում է իրենց մտորումների, ստացած տպավորությունների և վերլուծությունների ազատության մեջ՝ մինչև նոր հանդիպում: Որքանո՞վ հանդիսատեսը ներշնչվեց գեղեցիկ մտածելու, ապրելու և ստեղծելու ցանկությամբ՝ ցույց կտա ժամանակը: Աշխարհի առջև բաց պատուհան դարձած փառատոնը համամարդկային արժեքներ փոխանցող դեսպան է տարբեր մշակույթներով առաջնորդվող մի շարք ազգերի համար», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

7727 | 0
Facebook