Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Տիտանիկի» նավաբեկությունից ողջ մնացած հայի պատմությունը

01:05, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
«Տիտանիկի» նավաբեկությունից ողջ մնացած հայի պատմությունը

Կանադական «ՍիԲիՍի» հեռուստաընկերությունը 2012-ին ֆիլմ էր նկարահանել ««Տիտանիկ». կանադական պատմություն» վերնագրով։ Ֆիլմում Վան Սողոմոնյանը պատմում է պապի` «Տիտանիկի» ուղևոր կանադահայ Նշան Կիրակոսյանի մասին։
     Հոր խորհրդով Նշան Կիրակոսյանը թուրքական հալածանքներից ու աքսորներից խուսափելու համար լքել է Թուրքիայի արևելյան շրջաններում ապրող ընտանիքը և «Տիտանիկի» 3-րդ կարգի տոմս գնելով` ցանկացել է հասնել Կանադա։
     Թոռան խոսքերով` նավ բարձրանալիս իր պապի ձեռքին միայն մի փոքրիկ ճամպրուկ է եղել։ Նա այն բազմաթիվ ուղևորներից է եղել, որ ընդհանրապես չի տիրապետել օտար լեզվի։
     Նշանը պատմել է, որ այսբերգը չի տեսել, տեսել է միայն ջրի վրա լողացող սառցե բեկորները։ 3-րդ կարգում առհասարակ ոչինչ երևալիս չի եղել։ Երբ ի վերջո նրանք զգացել են, որ վտանգ է սպառնում, նավի տախտակամած հասնելու համար կացնով ճանապարհ են բացել։
     Տախտակամած դուրս գալով` Նշանը ցատկել է արդեն ջուրն իջեցված նավակներից մեկի մեջ, որ ի զարմանս իրեն, կիսադատարկ է եղել։ «Պապիկը պատմում էր, որ ինքն էլ է թիավարել, նավաստիներից շատերը ցրտից մահացել են, բայց նա շարունակել է թիավարել և ողջ է մնացել»,- պատմել է Վան Սողոմոնյանը։ Թոռը նաև հայտնել է, որ պապը երբեք չի պատմել` տեսել է արդյոք նավի խորտակումը և ընդհանրապես շատ քիչ է խոսել նավաբեկության մասին։
     Փրկվելուց հետո Նշանն Արևմտյան Հայաստանից իր մոտ է կանչել 2 եղբայրներին։ Նրանք հաստատվել են Կանադայում, ընտանիքներ կազմել։

13744 | 0
Facebook