Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չեմ կարծում` լայնածավալ գործողություններ կսկսվեն». Արկադի Տեր-Թադևոսյան

17:45, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Չեմ կարծում` լայնածավալ գործողություններ կսկսվեն». Արկադի Տեր-Թադևոսյան

«Թե ինչի են պատրաստվում նրանք այս պահին, չեմ կարող ասել, բայց նման շարժ միշտ էլ եղել է: Չեմ կարծում, որ պետք է խուճապի մատնվել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ են նշանակում հակառակորդի զինուժի կուտակումներն ու ակտիվ տեղաշարժերը, ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Իսկ թե հնարավո՞ր է Շուշիի ազատագրման օրը լայնածավալ գործողություններ սկսվեն և վերջին օրերի ակտիվությունը հենց դրանով է պայմանավորված, ասաց, որ բանը դրան չի հասնի. «Սա իմ անձնական կարծիքն է, չեմ կարծում լայնածավալ գործողություններ կսկսվեն»:

Տեր-Թադևոսյանին խնդրեցինք տեղեկություն հաղորդել Հայաստան ժամանած պաշտոնաթող գեներալների և ռազմական փորձագետների հետ իր հանդիպման մասին, որոնք Հայաստանում են իր կոչով:
     Վերջինը չցանկացավ խոսել այդ մասին` խնդրելով սպասել իրենց հայտարարությանը:

Հիշեցնենք, ԼՂՀ ՊԲ-ն երեկ հայտարարություն էր տարածել, թե առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Դրանից երկու օր առաջ էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ են կոչով դիմել երիտասարդներին` գնալ դիրքեր և կանգնել իրենց կողքին:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ անդրադառնալով ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությանը, ըստ որի` առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ, ասել է, որ հակառակորդի զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ հաճախ են լինում. «Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան կամ այդ գործողությունները կարող են լայնածավալ պատերազմի հանգեցնել»,- ասել է նա` նշելով, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող ցանկացած քայլ գտնվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

14021 | 0
Facebook