Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ես ինքս պատրաստ եմ զենք վերցնել ու բոլորի հետ միասին պայքարել մեր հայրենիքի համար». Լուսինե Բադալյան

18:35, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
«Ես ինքս պատրաստ եմ զենք վերցնել ու բոլորի հետ միասին պայքարել մեր հայրենիքի համար». Լուսինե Բադալյան

«Կարծում եմ` իրավիճակն ավելի բարդանում է այն պատճառով, որ ամեն մեկս մեզ թույլ ենք տալիս քաղաքական վերլուծություններ անել: Եվ այնքան վստահ ենք մեկից մի բան լսածը, կամ մեր ինտելեկտի սահմաններում արած եզրակացությունը փորձում առաջ տանել: Արդյունքում ստեղծվում է այն խառնաշփոթը, որում հայտնվել ենք»,- անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

Հաշվի առնելով մեր ժողովրդի բուռն զգացմունքային բնավորությունը, նա խոստովանեց, որ հրաշալի է համարում նման համախմբումը: «Բոլորս` մեկս մյուսի ձեռքը բռնեցինք ու փորձեցինք ինչ-որ կերպ իրար ուժ տալ: Եթե այդ միասնությունը չլիներ, 2 օր հետո կարելի էր խենթանալ»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին` Լուսինեն նշեց, որ լավ կլիներ դրանք չբարձրաձայնվեին:

«Շատ կուզենայի ժողովրդին խնդրել ավելի ողջամիտ մոտենալ, բայց այս դեպքում էլ մի քիչ վստահելի իշխանություն էր պետք ունենալ, որ ասեինք` ժողովուրդ ջան, եկեʹք վստահենք մեր իշխանությանն, ամեն ինչ լավ կլինի... Բայց կան բաներ, որոնց մասին ուղղակի չի կարելի բարձրաձայնել: Միայն այն, որ մենք արդեն գիտենք, որ թշնամին զենքեր է կուտակում, դա լավ չի թշնամու համար, որովհետև մենք արդեն ինֆորմացված ենք: Մենք անընդհատ պահանջում ենք, որ ասեն, թե ինչ որոշում է կայացվել, մենք ինչ ունենք, ինչ չունենք, զենք ունենք, թե՞ չունենք, անգամ դա չի կարելի բարձրաձայնել: Բոլորս էլ հետաքրքրությունից այրվում ենք, բայց կա մի կետ, որից այն կողմ չի կարելի անցնել: Նույնիսկ կարծում եմ` պետք չի, որ իշխանությունները բարձրաձայնեն հետագա անելիքների մասին, որովհետև դրանով ինֆորմացիա ենք տալիս, որի դեմ համախմբվում են հակառակորդները»,- համոզված է Լուսինեն: Թեև նա հավանական չի համարում լայնածավալ պատերազմի վերսկսումը, բայց կարծում է, որ սա այնպիսի հարց է, որ ոչ մեկ իրավունք չունի կանխատեսումներ անելու: «Երբեմն այնպիսի հեղինակավոր մարդիկ են իրենց կարծիքն ասում, որ մեծամասշտաբ պատերազմ է լինելու, ո՞վ է ասում, որ սկսվելու է... իմ տրամաբանությամբ, օրինակ` չի լինելու: Մենք իրավունք չունենք այսպիսի բաներ ասելով ժողովրդին տրամադրել, խուճապի մատնել կամ անհարկի հանգստացնել»,- նշեց մեր զրուցակիցը:

Այնուամենայնիվ, եթե վերսկսվի լայնածավալ պատերազմ, Լուսինե Բադալյանի համոզմամբ` մեր զինվորներն արդեն ցույց տվեցին, որ մենք պատրաստ ենք: «Վստահ եմ, որ ամբողջ ժողովուրդը, ես ինքս, իմ բոլոր բարեկամներն ու ընկերուհիները, ում ես ճանաչում եմ, բոլորս պատրաստ ենք զենք վերցնել ու պայքարել մեր հայրենիքի համար: Քառօրյա մղձավանջն արդեն նախապատրաստեց ժողովրդին»,- կարծում է հաղորդավարուհին:

Ամփոփելով` Լուսինեն խնդրեց ծայրահեղությունների գիրկը չընկնել: «Տարբեր տեսակի ակցիաները, որին նաև շոու բիզնեսի աստղերն են միանում, թող հարցերն ավելի խորն ուսումնասիրելուց հետո փորձեն իրականացնել, հատկապես, եթե պատրաստվում են ամբողջ աշխարհին ներկայացնել: Հիմա մի վիճակ է, որ քո ամեն մի ֆեյսբուքյան գրառումը եղանակ է ստեղծում: Պետք է հարցը մի քիչ ավելի խորն ուսումնասիրել, ոչ թե հարևանի կամ պապիկի քննարկումները լսել: Դրա համար կան պատմաբաններ ու քաղաքագետներ, դիվանագետներ: Գոնե ծանոթ, բարեկամ մասնագետների հետ կարելի է քննարկել, նոր որևիցէ ակցիա սկսել: Վերջին 2 ակցիաներն ինձ մի քիչ անլուրջ թվացին»,- խոստովանեց նա:

«Խաղաղություն ամենեցուն... միայն թե զոհեր չլինեն այլևս, ու միայն հաղթանակներ լինեն: Հուսանք, որ մեր պատմության մեջ մայիսը միշտ հաղթանակների ամիս է եղել, ու որ 2016-ի մայիսն էլ բացառություն չի լինի»,- եզրափակեց Լուսինե Բադալյանը:
    
     Հարցազրույցը` Անի Մնացականյանի
     Լուսանկարներն` Անի Դարբինյանի

9083 | 5
Facebook