Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղցրաշենի խաղողագործների գումարը մաս-մաս վճարում են

14:50, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Քաղցրաշենի խաղողագործների գումարը մաս-մաս վճարում են
     Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի շուրջ 200 խաղողագործների «Վինար» գործարանը սկսել է մթերված խաղողի դիմաց մաս-մաս վճարել, այս մասին MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց խաղողագործներից Արմենը: Նա ասաց, որ կառավարությունն իրենց խոստացել է մինչև մայիսի 10-ն ամբողջությամբ վճարել պարտքերը: «Մեր վերջին բողոքի ակցիայից հետո յուրաքանչյուրիս 200 հազար դրամ են տվել, ըստ երևույթին, մտածել են, որ այդ գումարով մեր ձայնը կկտրեն: Մեզ վստահեցրել են, որ այս օրերի ընթացքում գործարանը վարկ է վերցնելու մեր գումարները վճարելու համար: Թող վարկ վերցնեն, ինչ ուզում են անեն, միայն թե մեզ վճարեն»,- ասաց Արմենը: Խաղողագործը հավելեց, որ մինչև մայիսի 10-ը համբերատար սպասելու են. «Մեզ այս պահին սպասելուց բացի, այլ բան չի մնում անել, ընդամենն 8 օր է մնացել, եթե իրենց խոսքի տերը լինեն ու վճարեն, գոհ ու շնորհակալ կլինենք, նույնիսկ քեֆ կանենք: Եթե նորից մեզ խաբեն, կամ օր երկարացնեն, նորից կգանք վարչապետի մոտ»,- ասաց գյուղացին:
     Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Կառավարության առջև մեկ ժամից ավել ցույց անելուց հետո քաղցրաշենցի մի քանի խաղողագործների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկմանը մասնակցեց նաև «Վինարի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու գործարանի տնօրենը։ Վարչապետը հրահանգել էր գումարները հենց սկսել վճարել:
2771 | 0
Facebook