Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները բողոքի ակցիա են անում

14:41, հինգշաբթի, 31 մարտի, 2016 թ.
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած բնակիչները բողոքի ակցիա են անում
     «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից տուժած մի խումբ բնակիչներ հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ բարձրացնելու իրենց բողոքի ձայնը: Գործն արդեն չորրորդ տարին է, ինչ գտնվում է Աջափնյակ –Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քրեական վարույթում, որը մոտենում է ավարտին։ «Մենք պահանջում ենք արդար դատավարություն, հոգնել ենք, արդեն ի վիճակի չենք վարձով ապրելու: Մեծ դժվարությամբ աշխատելով՝ փորձել ենք տուն գնել, բայց մեզ հանել, գցել են փողոց ու դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում»,- ասաց Լուսինեն: Նա տեղեկացրեց, որ իրենք դիմել են պատկան մարմիններին և հայտնել, որ իրենց իրավունքները ոտնահարված են: «Էսօր նորից դիմելու ենք վարչապետին, չնայած գիտենք, որ նորից նույն պատասխանն ենք ստանալու: Նորից մեզ ասելու են, որ իրենք իրավասու չեն: Բա որ դուք իրավասու չեք, էդ դեպքում ո՞վ է իրավասու»,- ասաց բնակչուհին:
     Մեկ այլ բնակչի խոսքով էլ Գևորգ Չաուշի 14/3 շենքում չնչին գումարներով ուրիշներին պատկանող 14 բնակարաններ է ձեռք բերել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը։ Վերջինը դատական նիստերի ժամանակ ասել է, որ բնակարանները կվերադարձնի միայն այն ժամանակ, երբ իրեն փոխհատուցեն։
     Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշ փողոցում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007»-ի ներկայացուցիչները տարիներ առաջ գումարներ էին հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Այնուհետ ընկերությունը հայտարարել էր ֆինանսական խնդիրների մասին, և շինարարությունն անավարտ էր մնացել:
     Կառուցապատող ընկերության ղեկավարներն, առանց բնակիչներին տեղյակ պահելու, նրանց կիսակառույց բնակարանները գրավ էին դրել ու տոկոսով գումարներ վերցրել տարբեր անձանցից՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:
4248 | 0
Facebook