Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Սուրբ Վալենտինի օրն է. քանի՞սը գիտի` ո՞վ է Վալենտինն ու ո՞րն է տոնի խորհուրդը

13:26, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
Այսօր Սուրբ Վալենտինի օրն է. քանի՞սը գիտի` ո՞վ է Վալենտինն ու ո՞րն է տոնի խորհուրդը

Գրեթե ամբողջ աշխարհն այսօր նշում է Սուրբ Վալենտինի տոնը: Սիրահարների տոնը ներթափանցել է նաև Հայաստան: Թեև շատերը դեմ են այս տոնին` համարելով այն կաթոլիկական տոն, բայց սիրահարներն այն նշում են մեծ խանդավառությամբ:

Վալենտինը հայտնի է որպես սիրո և սիրահարների հովանավոր, սակայն քչերը գիտեն, թե ո՞վ է Վալենտինն ու ի՞նչ խորհուրդ ունի այս տոնը:

Սուրբ Վալենտինի շուրջ հյուսված լեգենդի համաձայն` 3-րդ դարում Հռոմեական կայսրության Թերնի քաղաքում ապրել է Վալենտին անունով մի հոգևորական, ով իր գործունեությունը ծավալել է միայն եկեղեցու շրջանակում: Նա զբաղվել է գիտական ուսումնասիրություններով և բժշկությամբ: Այդ ժամանակ Կլավդիոս 2-րդ կայսրը արշավում էր քրիստոնյաների դեմ: Նա իր զինվորներին թույլ չէր տալիս ամուսնանալ: Իսկ Վալենտինը գաղտնի օգնում էր այդ զինվորներին և ամուսնացնում նրանց իրենց սիրեցյալների հետ:
     Մի անգամ նրա մոտ են բերում հռոմեացի բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինը հրաշքով բուժում է նրան: Դրանից հետո, իմանալով նրա կազմակերպած գաղտնի ամուսնությունների մասին, նրան բանտարկում են: Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր, իսկ ներքևում ստորագրում է. «Քո Վալենտին»: Նույն օրը` 269 թ. փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Սակայն այդ օրը նաև համընկնում էր սիրո աստվածուհու` Յունոնայի պատվին կատարվող տոնակատարության հետ: Այդ օրվանից ամեն տարի հիշում են Վալենտինին, ում պատվին տոնը կոչվել է Սուրբ Վալենտին:

13401 | 0
Facebook