Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժամերով սպասում ես, իսկ երթուղայինը չկա». վարդաշենցիները բողոքում են

16:31, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
«Ժամերով սպասում ես, իսկ երթուղայինը չկա». վարդաշենցիները բողոքում են

Էրեբունի վարչական շրջանի մեջ մտնող Վարդաշեն թաղամասի բնակիչներն ստիպված են լինում ամեն օր օգտվել երկու երթուղայինից: Վարդաշեն մտնում են 61 և 11 համարի միկրոավտոբուսները, որոնք, ըստ բնակիչների, այնքան էլ լավ չեն աշխատում: Սա էլ դեռ բավական չէ, մայրաքաղաքի կենտրոնից թաղամաս հասնող երթուղայիններ չկան: «Ժամերով սպասում եմ, որ 61 համարի երթուղայինը գա կամ չգա, իսկ էս ձյուն-ձմռանը` ստիպված տաքսիներից եմ օգտվում: Ինչքա՞ն կարող եմ, ֆինանսապես հնարավոր չէ: Օրական 1000 դրամ գումար է պետք մեկ անձին, որպեսզի կարողանա երթուղայինով ինչ-որ տեղ գնալ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարադաշենի բնակիչներից Արևիկ Հակոբյանը։

Նրա խոսքով, այդ տարածքում ուսումնարան, մանկապարտեզ և այլ հաստատություններ են գործում, իսկ երթուղայիններն այդ տարածքի համար, շատ անհրաժեշտ են:

«Մենք հիմա պահանջում ենք, որ մեզ այնպիսի երթուղային տրամադրեն, որը Վարադաշենից կշարժվի դեպի Խանջյան, այսինքն դեպի համալսարանների կողմը։ Ուսանողներիս հարցն է լուրջ, երթուղային չի լինում, որ գնանք դասի»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ դեկտեմբերին, մի կարճ ժամանակաշրջան, Վարդաշենին էր սպասարկում նաև 124 համարի միկրոավտոբուսը, և բնակիչները գոհ էին: Սակայն, հետո, գծի տերերի միջև վիճաբանություն եղավ, նույնիսկ 124 համարի միկրոավտոբուսներին չէին թողնում հասնել Վարդաշեն: Արևիկի ներկայացմամբ` բնակիչները ստիպված են կիլոմետրեր քայլել և hասնել «Էրեբունի» թանգարանի մոտ` մեկ ուրիշ երթուղային նստելու համար: «Երթուղայինից իջնում եմ «Էրեբունի» թանգարանի մոտ, այնտեղից էլ որևէ երթուղայինով գնում եմ դասի, նույնն էլ` տունդարձին»:

Ըստ նրա, Վարդաշենում բնակվողները պետք է շատ ապահովված լինեն, որպեսզի կարողանան դիմանալ պայմաններին. «Գյուղից էլ վատ է, ճանապարհները բարեկարգման կարիք ունեն, ինչն էլ երևի երթուղայինների լավ չգործելու հիմնական պատճառներից մեկն է: Ես չեմ հասկանում՝ քաղաքապետարանում այս խնդրով զբաղվողներն ի՞նչ են մտածում, որ երկար տարիներ խնդրին լուծում չեն տալիս»,- ասում է 45-ամյա Նելլի Խաչատրյանը:

«Գիտե՞ք՝ քանի նամակ ենք գրել քաղաքապետարան, թաղապետարան, որ էս երթուղայինի հարցը լուծեն, բայց չեն լուծում»։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր թղթակցին տեղեկացրեցին, որ խնդրին կծանոթանան և հնարավորության դեպքում հարցը կբարձրացնեն:

3321 | 0
Facebook